Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր տեսակետն ու նա իր պաշտոնավարումը երկարաձգելու խնդիր չունի: Տեսակետը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինն է: Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումներին և դրանց շուրջ ծավալված քննարկումներին, Բաղդասարյանը նշեց, որ Նախագահը ամբիացիաներ չունի՝ երկարաձգելու իր իշխանությունը կամ նոր ոլորտներ փնտրելու:
«Ցանկացած նախագահի համար կարևոր է իր երկրի առաջընթացը, թե որ մոդելով իր երկիրը կարող է առաջընթաց ապահովել: Հստակ կարող եմ ասել, որ Նախագահն իր պաշտոնավարումը երկարաձգելու խնդիր չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' շեշտեց Վահրամ Բաղդասարյանը' հավելելով, որ անհրաժեշտ է սպասել և ժամանակից շուտ եզրահանգումներ չկատարել:
Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե 2005թ. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բարեփոխվող Սահմանադրության վերաբերյալ նույն կարծիքն ունեին, իսկ այժմ դրանք բոլորովին տարբեր են՝ Բաղդասարյանն ասաց, թե ժամանակը թելադրում է իր պահանջները:
«2005թ. Ռոբերտ Քոչարյանն ունեցել է նախագահի իր կարծիքը, հիմա ժամանակ է անցել և այլ կարծիքներ կան: Թե ինչ փոփոխություններ կլինեն, կառաջարկվի հանրության քննարկմանը, կսպասենք, դեպքերից առաջ չենք ընկնի»,- հավաստեց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀ նախագահի' սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին սեպտեմբերի 4-ի հրամանագրում, մասնավորապես, նշված է, որ որոշումը պայմանավորվում է իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնագիտական հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը:
Սահմանադրական բարեփոխումների հիմքում դրվում է հետևյալ հիմնարար սկզբունքը, համաձայն որի՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը: