Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։
ԼՈՒՐԵՐ.com-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողներ՝ շարքային Ալբերտ Պոստոլոկյանի հրազենային մահացու վիրավորում և շարքային Գառնիկ Տերտերյանի բեկորային վիրավորում ստանալու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ ուղարկվել Երրորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։
Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը 2016 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Գ.Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: