Այս գիշեր մահացու հրազենային վիրավորում ստացած 19–ամյա զինծառայող Վոլոդյա Գալոյանը Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքից էր։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում համայնքապետ Մելսիկ Ղազարյանը նշեց, որ Վոլոդյան 7 ամիս առաջ էր մեկնել ծառայության։
«Վոլոդյան տան միակ տղան էր, քույրն ամուսնացած է։ Շատ համեստ տղա էր, անգամ մարդու հետ խոսելիս ամաչում էր։ Շնորհքով, աշխատող երեխա էր, օգնում էր ծնողներին, ապրում էր մոր և տատիկի հետ, հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել։ Մայրն ու տատն էլ սեփականաշնորհած հողերում օրը 4000-5000 դրամով աշխատում են։ Սոցիալապես շատ վատ վիճակում են»,- ասաց գյուղապետը։
Համայնքապետը պատմեց՝ Վոլոդյան 2 շաբաթ առաջ եկել էր գյուղ՝ մասնակցելու պապիկի մահվան տարելիցին, ամսի 11-ին գնացել էր, ու այսօր լսում են ցավալի դեպքի մասին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՔԿ-ից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 23-ին' ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:
Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո, Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը: