Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Վիրավոր զինվորը ծնունդով Եղեգնաձորից է: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։

 

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

 

Առաջին կայազորային քննչական բաժնում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: