«Իմ տղան երկու ամսվա ծառայող էր, վերջին տվյալներով՝ կորել է Հադրութի տարածքում, զինվորներից երկուսի հետ խոսել եմ, մեկն ասաց՝ տեսել եմ, զոհվել է հոկտեմբերի 16-ի դրությամբ, իսկ մեկն էլ ասաց՝ վիրավորվել է։ Դրանից հետո տեղեկություն չկա․ ո′չ մարմինը կա, ո′չ էլ ինքը։ Տղայիս ողջ և առողջ ծառայության եմ տվել, այդպիսին էլ ուզում եմ գտնել նրան»,-կառավարության առջև այսօր բողոքի ցույց իրականացնող անհետ կորած զինծառայողի ծնողն է ասում։ Լրագրողի հարցին՝ դիմել են ՊՆ՝ գերիների ցուցակում անունը տեսնելու համար, կինը պատասխանեց, դիմել են, այնտեղից հայտնում են, որ հնարավոր է՝ ենթադրյալ գերիների ցուցակում է, ուղղակի ադրբեջանական կողմը չի հաստատել։
«Աշխատանքներ գնում են, վերջին գերիներն էլ պիտի գան, բանակցություններ գնում են, հուսանք, սպասենք, ամեն րոպե անորոշ վիճակ է, մինչև ե՞րբ է այս ամեն ինչը շարունակվելու»,-ասում է զինծառայողի մայրն ու հավելում՝ գոնե մոտավոր ժամանակ հայտնեն, որ հասկականք՝ հարցերը լուծված կլինեն։