Հրազենային վնասվածքից հոկտեմբերի 9-ին մահացած զինծառայող Նարեկ Նազարյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրից էր։ NEWS.am-ին բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աղաջանյանը պատմեց, որ Նարեկը 7 ամսվա զինծառայող էր։
«Շատ խելոք, խելացի, մեծերին հարգող, շատ հարգանքով երեխա էր, երբ տեսնում էինք Նարեկին, մեծ բավականություն էինք ստանում։ Կռվարար չէր, ընտանիքի տղա էր։ Հայրը գյուղի վարսավիրն էր, մայրը՝ տնային տնտեսուհի էր։ Մեկ քույր ուներ, փոքր էր իրենից։ Նարեկը Ստեփանավանի Կարմիր խաչի Ճգնաժամային կառավարման բաժնում էր սովորում»,- ասաց Գոռ Աղաջանյանը։
Նշենք, որ Նարեկ Նազարյանի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքի դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: