Երեք օր առաջ համածառայակցի արձակած կրակոցից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Արզումանյանն ծնողների միակ զավակն էր։ Նա 19 տարեկան էր, մարտին զորակոչվել էր բանակ, ծառայում էր Ագարակում։
NEWS.am-ի հետ զրուցում Սենիկի բարեկամները նրան բնորոշեցին որպես հանգիստ, համարձակ, խելացի, աշխույժ եւ բարի մարդ։ Բարեկամներից մեկը մեզ հետ զրույցում դեպքից իր տեղեկություններով մանրամասներ հայտնեց։
«Դիրքերից տղաներն իջել են, զենքերն էլ հանձնել են զինանոց։ Թե ինչպես է զինանոցի դուռը բաց մնացել, չեմ կարող ասել, բայց կրակողը մտել է զինանոց ու վերցրել է զենքը։ Մտել է շարքի մեջ։ Սենիկը հետեւում կանգնած է եղել, մի անգամ կրակել է երիկամին, մեկ անգամ՝ ոտքին։ Մյուս երկուսին էլ ոտքից է վիրավորել։ Սենիկը տեղում մահացել է»,- նշեց նա։
Բարեկամի խոսքով՝ Սենիկը կոնֆլիկտային անձնավորություն չի եղել։ Հնարավոր չէ, որ զորամասում այնպիսի լուրջ խնդիր ունեցած լիներ, որը սպանության կհանգեցներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով' համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը։
Եւս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, իսկ եւս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:
2021թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է, ապա կալանավորվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Նախաքննությունը շարունակվում է: