Այսօր «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով:

 

Բանախոսներից ՄԱՀՀԻ-ի (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ «գործ ունենք մի թեմայի հետ, որը գտնվում է անվերջանալի բառակույտերի բեռի տակ»:

 

«Մենք գործ ունենք մի ֆեյք-կառույցի հետ, որը ստեղծել են այն տրամաբանությամբ, որ եկեք մի բան ստեղծենք, հետո կորոշենք մեջը ինչ ենք լցնում: Միայն այն փաստը, որ այսօր մեջը ոչինչ չկա, արդեն խոսում է դրա մասին: Այնտեղ չկա ո՛չ Եվրոպա, ո՛չ Ասիա, ո՛չ տնտեսություն, ո՛չ միություն: Կենտրոնը հանդիսանում է Ռուսաստանը»,- նշեց Մեհրաբյանը՝ խոսելով եվրասիական տնտեսական միության մասին:

 

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, խնդիրը հասկանալու համար նախ պետք է ճշտել՝ ի՞նչ են նշանակում ռուսամետներ, արևմտամետներ, պետականամետներ տերմինները:

 

«Հայաստանը, ըստ մեր սահմանադրության՝ ազատ, անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է: Ռուսաստանի կողմից ընդունված է այդ որակների սահմանափակումը հանդուրժողներին կոչել ռուսամետներ, չհանդուրժողներին՝ արևմտամետներ: Եթե այդպես է, ապա ես այդ պայմանական դասակարգմանը հարաբերականորեն կհամաձայնվեմ, բայց՝ ոչ այլ կերպ, որովհետև, իմ կարծիքով՝ ես ՀՀ քաղաքացի եմ և ՀՀ նկատմամբ պետականամետ չլինել չեմ կարող»,- ասաց Մեհրաբյանը:

 

Սոնա Հարությունյան