«Մենք մեր առջև խնդիր ենք դրել լինելու չափազանց կառուցողական»,- այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, խորհրդարանում ասուլիսի ժամանակ ամփոփելով «Եվրանեսթ»-ի աշխատանքները՝ ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը:
«Չենք կարող խուսափել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև լարված հարաբերություններից: Սակայն լինելով պրոակտիվ՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական: Մեր պատվիրակությունն աշխատելու է բացառապես ծրագրային դրույթների, ծրագրային բանավեճերի շուրջ: Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր եվրոպացի գործընկերների ստացած տպավորությունը չափազանց դրական էր: Հաճելիորեն զարմացած էին, որ առաջին անգամ ներգրավված լինելով «Եվրանեսթ»-ի աշխատանքներում՝ հայկական պատվիրակությունն այդ աստիճան կառուցողական և ակտիվ եղավ»,- ասաց Հայրապետյանը:
Նա նշեց, որ հայկական պատվիրակության անդամները ներգրավված են եղել բոլոր 4 հանձնաժողովների աշխատանքներում: Հայրապետյանը շեշտեց, որ միակ պատվիրակությունն են եղել, որը բոլոր անդամներով երկու աշխատանքային օրերին մասնակցել է «Եվրանեսթ»-ի աշխատանքներին: «Մենք ունենք շատ ուժեղ պատվիրակություն, մարդիկ, ովքեր կոնկրետ ոլորտային մասնագետներ են, խոր գիտելիքներ ունեն ոլորտի խնդիրների, լուծումների վերաբերյալ»,- նշեց Հայրապետյանը:
Հայրապետյանի խոսքով՝ իրենք շատ խնդիրներ են տեսել Ադրբեջանում հանրակրթական դպրոցներում առկա հայատյացության, հակահայկական քարոզչության մասով, սակայն միևնույն ժամանակ շեշտադրում են արել, որ քննարկումը լինելու է բացառապես ծրագրային և կառուցողական դաշտում, այլ ոչ ինքնանպատակ՝ հարևան երկրին քննադատելու հերթական փորձ: Սա ևս դրական արձագանք է գտել Եվրախորհրդարանի գործընկերների շրջանում: