Աշխարհն անհանգիստ ժամանակներ է ապրում, ինչը նշանակում է, որ հիմա առավել, քան երբևէ՝ խիստ մեծ կարևորություն է ձեռք բերում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունում գոյություն ունեցող շեշտադրումների հարցը. գտնվել Անդրկովկասում ու չունենալ ճկուն արտաքին քաղաքականություն, ոչ մի տարածաշրջանային պետական միավոր իրեն թույլ տալ չի կարող:
Ինչպես հայտնի է, դեկտեբերի 8-ին «Միասնություն» համազգային շարժումը, որի համակարգող խորհրդի նախագահն, ինչպես հայտնի է, Արման Վարդանյանն է, կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով: Հարկ է նկատել, որ համազգային նշանակության հարցերի շուրջ շարժման կողմից կազմակերպած նմանատիպ կլոր սեղան-քննարկումն ամենևին էլ առաջինը չէր, ու շարժումն, ըստ էության, ամեն կերպ ջանում է նոր մշակույթ արմատավորել մեզանում ու հասարակությանը հուզող հարցերը դարձնել հնարավորինս լայն քննարկման առարկա՝ դուրս բերելով դրանք նեղ շրջանակներից. հասարակությունն է պետության ու նրա քաղաքականության հիմնական շահառուն, հասարակության կոմպետենտ անդամներն էլ պետք է կարողանան, հնարավորություն ունենան՝ սեփական կարծիքն ու տեսակետը հայտնելու այս կամ այն խնդրի վերաբերյալ:
Թեմայի ընտրությունն ամենևին էլ պատահական չէր, ու, ինչպես Արման Վարդանյանն էր բավական դիպուկ կերպով նկատել, բոլորովին էլ գաղտնիք չէ, որ պայմանավորված անդրկովկասյան տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների միջև սրվող մրցակցությամբ, Հայաստանի հանրապետությունը ներկայում ստիպված է բախվել լրջագույն արտաքին մարտահրավերների՝ սկսած հարևանների հետ հարաբերություններում առկա խնդիրներից՝ վերջացրած համաշխարհային ուժային վեկտորների միջև բալանսավորված քաղաքականություն վարելու հետ կապված դժվարություններով:
Հասկանալու համար, թե ինչ լրացումներ ու շտկումներ կարելի է մտցնել ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության մեջ, նախ հարկավոր է մոտավոր պատկերացում ունենալ դրա էության ու բնույթի վերաբերյալ: Որքան էլ կարող է անհավատալի հնչել, փաստը մնում է փաստ, որ մեզ 25 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց կայուն ու միջազգային մեր գործընկերների կողմից կանխատեսելի արտաքին քաղաքական կոնցեպտ մշակել ու այն կիրառել. մեր երկրի արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես անկայուն, լողացող, ինչն, անկասկած, այս երկարուձիգ տարիների ընթացքում բացասական ազդեցություն է գործել Հայաստանի միջազգային «իմիջի» վրա:
Իսկ հարցը, թե ինչով է պայմանավորված մի ողջ պետության կողմից արտաքին քաղաքականության նմանատիպ բնույթը, առավել քան ակնհայտ է. մեզանում սեփական հստակ շահի գիտակցման պակաս է նկատվում, մեծ քաղաքականությունից սեփականը, մեզ հասանելիքը կորզելու անկարողություն, ինչի հետևանքով հաճախ ականատես ես դառնում ոչ թե, ասենք, սեփական հայրենիքի կենսական շահերի պաշտպանությանը միտված քաղաքական դիսկուրսների, այլ՝ արևմտամետների կամ ռուսամետների միջև բախումների, ուր Հայաստանի կենսական շահերը մղված են վեցերորդական պլան:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեզանում հայամետությունն այսքան թույլ հիմքերի վրա, ինչո՞ւ մեր հասարակական-քաղաքական համապատասխան շրջանակները չեն փորձում հանդես գալ ոչ թե օտարների շահերի պաշտպանության դիրքերից, այլ՝ հայության՝ ծառայելով ոչ թե այլոց, ինչպես հիմա է, այլ՝ Հայաստանի պետական շահերին:
Անկասկած, պատճառները շատ են, բայց դրանցից ամենակարևորն, անշուշտ, ապագաղափարայնացվածության այն հսկայական չափաբաժինն է, որով ներշնչված են որոշակի շրջանակներ, ու որոնց համար, ըստ էության, «Հայրենիք» հասկացությունը չափից դուրս վերացական է. ազգային շահի գիտակցում, որպես այդպիսին, շատերի մոտ գոյություն, պարզապես, չունի, ու նույնիսկ հիմա, երբ երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, ոմանք, փոխարենը ելքեր առաջարկելու ու հայակենտրոն մտածելակերպ դրսևորելու, շարունակում են զբաղվել օտարների շահերի պաշտպանությամբ՝ դառնալով այս կամ այն երկրի խոսափողը՝ հայկական իրականությունում, մեծապես նպաստելով հասարակության պառակտմանը:
Իսկ այս բոլոր խնդիրների լուծումը կարող է մեկը լինել. արտաքին քաղաքականությամբ ու դրա պրակտիկ իրականացմամբ պետք է զբաղվեն նրանք, ովքեր սեփական արժեհամակարգն ու գործունեությունը պատրաստ կլինեն կառուցել ոչ թե օտար արժեքների, այլ՝ ազգային գաղափարախոսության հիմքի վրա: Հիմա առավել, քան երբևէ, մեզանից պահանջվում է համազգային միասնություն դրսևորելու, բռունցքվելու ֆանտաստիկ կարողություն՝ ընդունակ լինելու հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որ բնորոշ են 21-րդ դարին: Հարկավոր է նախևառաջ հնարավորինս արագորեն կոնսոլիդացնել ողջ հայությանը, հմտորեն օգտագործել մեր՝ համաշխարհային ազգ լինելու բացառիկ հատկանիշն ու այն ստրատեգիական գործոնի վերածելով՝ ստիպել գերհզորներին՝ հաշվի նստել մեզ հետ՝ չանտեսելու հայկական շահերը:
Բայց ինչպիսի հանճարեղ մտահղացումներ էլ ասպարեզ գան, որքան էլ փայլուն լինեն գաղափարները, առաջին խնդիրը, որի առաջ կանգնում ես ու որին բախվում, այդ ամենի շարունակականության հարցն է. ուրեմն՝ հարկավոր է նախևառաջ հոգալ ամեն դրականի շարունակականության մասին ու ճիշտ գաղափարներով սնել այն սերնդին, որի տնօրինության տակ է ոչ ուշ ապագայում հայտնվելու Հայաստանը. երիտասարդ սերնդին պետք է ներշնչել ճիշտ գաղափարներով, ճիշտ արժեհամակարգ հրամցնել նրան՝ որպես հիմք ընդունելով ազգային միասնությունն ու համախմբվածությունն, առանց որոնց՝ դարի փորձությունները հաղթահարելը հայի համար չափազանց բարդ է լինելու:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ