ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

 

Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունից, կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում գեղասահքի զարգացման հեռանկարները: Դեսպանը նախարարին է փոխանցել այդ ծրագրի իրագործման առաջարկությունների փաթեթը՝ կազմված ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի կողմից:

 

«2016-2017 թվականները որոշիչ են 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից առաջ: Հենց այս ընթացքում է անհրաժեշտ ակտիվ աշխատել ձմեռային օլիմպիական խաղերին լավ մասնակցելու համար»,- ասել է նախարար Հրաչա Ռոստոմյանը:

 

Դեսպանը ներկայացրել է նաև առաջարկություն՝ Երևանում գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի մարզիչների որակավորման բարձրացման վերաբերյալ: «Հնարավոր է Երևանում կազմակերպել սեմինարներ, որոնք կվարեն Չայկովսկայայի «Սպորտային վարպետության դպրոցի» մասնագետները: Նրանք միաժամանակ կարող են այդ ընթացքում մարզել նաև հայ մարզիկներին»,- իր խոսքում նշել է դեսպան Վոլինկինը: