ԱԺ-ն շարունակում է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին կից նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ սա նախագծի երկրորդ ընթերցումն է: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարեց, թե դահլիճում պատգմավորների ճնշող մեծամասնությունը կողմ է նախագծին, իսկ էմոցիոնալ ելույթներն սպասելի էին:

«131 պատգամավորներից որևիցե մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ վիրավոր զինվորականները և զոհված զինծառայողների ընտանիքները նման օժանդակության կարիք ունեն», հավելեց նա՝ ընդգծելով նաև, որ համաձայն է պարտադիր սկզբունքի հետ:

«Ժողովուրդ ջան, պետք է գիտակցենք, անկախ մեր սոցիալական վիճակից, անկախ պաշտոնից, որ բոլորս Հայաստան աշխարհի զավակն ենք, իշխանություններին կարող ենք սիրել-չսիրել, սատարել- չսատարել, բայց պարտավոր ենք հայրենիքը պաշտպանել և իրավունք չունենք խռովել հայրենիքից և յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա»,- ասաց նա:

Կարևորելով պարտադիր բաղադրիչը՝ Շարմազանովը ընդգծեց նաև, թե այս դեպքում վստահության մեխանիզմներ միանշանակ անհրաժեշտ են: Այնուհետև դիմելով պատգամավորներին՝ նա նշեց, որ պատրաստ են լսել վերահսկողության ավելի լավ առաջարկներ, եթե իհարկե կլինեն այդպիսի առաջարկներ:

Դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով ի սկզբանե դեմ էր նախագծին, նա հավելեց, թե չեն ասում, որ իշխանությունն այնքան «պուպուշ է», ոչ մի թերություն չունի և քննադատություններ չպետք է հնչեն. «Սիրելի Զարուհի ջան, իշխանությունն էնքան թերություն ունի, որ դու կարող ես քննադատել, բայց եկեք մի քննադատեք այս լուսավոր գաղափարը, որն այսօր ներկայացնում է պաշտպանության նախարարը»,-ասաց նա և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: