«Անկախ ամեն ինչից, ցանկացած հայտարարություն, որը հնչում է իմ գործընկերների կողմից՝ լինի դա իշխող, թե որևէ այլ խմբակցության պատգամավորների շուրթերից, պետք է փաստարկված ներկայացվի»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին՝ գեներալ Սեյրան Սարոյանի հայտարարությունը դատախազությունը պետք է ընդունի ի գիտությո՞ւն, թե՞ հարուցի քրեական գործ:
«Մենք համոզված ենք, որ բանակի ու բանակաշինության վրա ստվեր գցողները, ինչու ոչ՝ նաև չարաշահումներ թույլ տվողները, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե կոնկրետ չարաշահումների վերաբերյալ կան փաստեր ու տվյալներ, ինչպես որ մեր շատ գործընկերներ հայտարարում են, պետք է հարուցվեն քրեական գործեր»,- ասաց նա:
Անդրադառնալով Սեյրան Սարոյանի հայտարարությանը, թե նույնիսկ դատախազությունը «ռիսկ չի անում» հնչեցնել չարաշահումներ անողների անունները, ինքն ինչպես «ռիսկ կանի» դրանք հնչեցնել, Շարմազանովն ասաց, թե այդ հայտարարությունը տարբեր մարդկանց կողմից, տարբեր կերպ է ընկալվել, ուստի, դա թույլ չի տալիս ենթադրելու, թե նա հայտարարել է, որ չարաշահումներ են եղել, իսկ դատախազությունը գործը կոծկում է:
Շարմազանովի խոսքով՝ դատախազությունն իրավունք չունի այդպիսի գործերի վրա աչք փակելու: Եվ եթե այսօր, պատգամավորներն ինչ-ինչ հայտարարություններ են անում, ապա նախևառաջ պետք է այդ փաստերը համապատասխան կառույցներին ներկայացնեն:
«Սեյրան Սարոյանն ընդհանուր է խոսել և, եթե կան այդպիսիք, ապա ոչ ոք անպատիժ չի մնա: Նա ասում էր, որ մարդու համար ամենամեծ պատիժն Աստծո պատիժն է, բայց դա չի նշանակում, թե ցանկացած մարդ, որը խախտել է օրենքը, ու կան համապատասխան փաստեր՝ գործեր չեն հարուցվում, նույնիսկ, եթե սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով չի հայտարարվում այդ մարդկանց անունները»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ թղթերով բոլորի մոտ էլ ամեն ինչ կարգին է, բայց գիտենք, որ այդ չարաշահումները լինում են, Շարմազանովը հավելեց, որ ոչ ոք որևէ մեկին չհավատալու իրավունք չունի, բայց փաստեր չկան նաև այդ հայտարարություններին հավատալու համար:
«Մենք չենք ասում, թե Հայաստանն օազիս է, որտեղ կոռուպցիա չկա, բայց մենք ասում ենք՝ ներկայացրեք փաստեր: Այո, եթե որևէ մեկը զանգահարել է Ձեզ ու նման հարցով դիմել, ներկայացրեք փաստեր կամ տվեք դրանք Դատախազություն, ԱԺ, կամ որևէ պետական այլ կառույց: Բոլորս էլ կարող ենք ասել, որ կոռուպցիոն ռիսկեր կան, կոռուպցիա կա, բայց եթե փաստեր չկան...»,- ասաց նա:
Հակադարձմանը՝ դղյակները փաստ չե՞ն, Շարմազանովը պատասխանեց. «Երեխեք ես էլ եմ տուն կառուցում: Տասը տարի է՝ տուն եմ կառուցում, ու դեռ հինգ տարի էլ կկառուցեմ, բայց եթե որևէ մեկն ասի, թե ես չարաշահում եմ թույլ տվել, տենդեր եմ շահել, ես այդ օրը կհեռանամ քաղաքականությունից, նույնիսկ պատրաստ եմ գնալ դատարան: Որևէ մեկը եթե կանգնի ու ասի, թե ես պետական բյուջեում կամ կոռուպցիոն ռիսկի մեջ եղել եմ, հենց այդ օրը ես հրաժարական կտամ: Ես իմ տունը կառուցում եմ իմ և իմ ընտանիքի միջոցներով, իմ ընկերների օգնությամբ: Այո, կան նաև մարդիկ, ովքեր դղյաներ չունեն, բայց շատ ավելի մեծ չարաշահումներ են թույլ տվել: Նորից եմ կրկնում՝ բոլոր չարաշահողները պետք է պատժվեն՝ օրենքի ողջ խստությամբ»:
Իսկ թե ինչու չեն պատժվում այն մարդիկ, ովքեր իսկապես չարաշահումներ են թույլ տվել, փոխխոսնակը դժվարացավ պատասխանել, հավելելով միայն, որ միգուցե չեն եղել համապատասխան փաստեր: «Միգուցե դրանք քիչ են եղել, բայց այն, որ չարաշահողներին պատժելու համար կա և՛ բավարար քաղաքական հրահանգ, և՛ քաղաքական կամք, դա փաստ է»,- եզրափակեց նա: