Երեկ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ Մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը լուծված է: Այս առիթով ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ՝ պարզելու նրա կարծիքը նախարարի հայտարարության և թատրոնի՝ նոր շենք ունենալու հետ կապված:

 

«Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի, մինչև հրամանը չլինի, ես դրա մասին չեմ կարող որևէ բան ասել, քանի որ այս տարիների ընթացքում միշտ էլ ասել են, որ լուծում կտրվի, բայց, ինչպես տեսնում ենք՝ խնդիրը մինչ օրս լուծված չէ»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 

Ժիրայր Դադասյանը չգիտի, թե որտեղ է լինելու շենքը, ինչ պայմաններով է ապահովված լինելու, սակայն լավատես է. «շենքը կլինի, ու կլինի այնպիսի տեղում ու այնպիսի պայմաններով, որ ես երազել չէի կարող, այդքանը գիտեմ»:

 

Թատրոնի շենքի հարցը հայ մշակույթի չլուծվող խնդիր է դարձել տասնամյակներ շարունակ:

 

«Եթե լուծվի շենքի հարցը, ես կվերցնեմ շեփորը և կշեփորահարեմ: Այսքան սպասելուց հետո մի փոքր էլ սպասելը չէր խանգարի, քանի որ անընդհատ ոգևորություններ են լինում, որոնց հաջորդում են հիասթափությունները»,- ասաց Դադասյանը:

 

Սոնա Հարությունյան