Ես հարցի լուծումը պատկերացնում եմ առաջին հերթին բանակցությունների ճանապարհով, ՀԱՊԿ-ում մեր ունեցած կարգավիճակի եւ ընդհանրապես ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին:
«Բոլոր դեպքերում, հաշվի առնելով մեր հարեւանների կեցվածքը, շատ դեպքերում սադրիչ, չի բացառվում, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նաեւ ուժային մեթոդով հարցը լուծվի»,-ասաց Աղազարյանը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որը մեկնարկել է այսօր, եւ արդյոք ՀԱՊԿ-ը չի հապաղում, նա պատասխանեց. «Հապաղելու խնդիր չկա, նմանատիպ միջադեպերի դեպքում ամեն մի միջադեպն իր սահմանումը, իր գնահատականն ունի: Սա սահմանային միջադեպ է, որը չի կարելի միանգամից բնութագրել որպես ռազմական գործողություն:
Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները պետք է հայտարարությամբ հանդես գան, օրինակ, դիմեն Ադրբեջանի իշխանություններին, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ազատեն այդ տարածքները, որովհետեւ ամեն ինչ այնքան ճշգրիտ է»:
Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից պայմաններ չեն դրվում. «Միակ կեցվածքը, որ ունի Ադրբեջանը այս պահին, դա այն է, որ ըստ իրենց քարտեզների, դա համարվում է իրենց տարածքի մի մասը: Բայց փաստորեն համադրելով մեր ունեցած քարտեզները եւ 102-րդ ռազմաբազայում գտնվողն քարտեզները, հստակեցված է, որ դա հայկական տարածք է: Հետեւաբար այդ խնդիրը պետք է լուծվի այս մակարդակով: Ես չեմ բացառում, որ միգուցե Ադրբեջանը սադրիչ այլ նպատակներ է հետապնդում, դրա համար մեր ՊՆ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած շրջադարձային իրողության եւ իրավիճակին համապատասխան որոշում կայացնի:
Բայց միջազգային հանրության առաջ, միջազգային իրավունքի տեսանկյունից այդ ամենը հաշվի առնելով մենք պետք է սպառենք բոլոր իրավական, քաղաքական ճանապարհները: Ես կարծում եմ՝ մենք չենք սպառի դրանք եւ հարցի լուծումը խաղաղ ճանապարհով կլինի այնպես, որ մենք բոլորս ուզում են եւ որը ճիշտն է»: