Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու կողմնակից է, սակայն նշում է, որ ժամանակավոր կառավարությունն ի վիճակի չի լինելու բոլոր հարցերին լուծում տալ, հետևաբար պետք է առաջնահերթություններ սահմանվեն:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին ի պատասխան: «Ամիսներ առաջ Ազգային ժողովում քննարկվում էր «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ վարչապետին ենթակա մարմիններն են Ոստիկանությունը, Ազգային անվտանգության, Պետական պահպանության և վերահսկողության ծառայությունները: Այն բավական բուռն արձագանք ստացավ նաև ձեր դաշինքի գործընկերների կողմից, տեսակետ հնչեց, որ փորձ է արվում ստեղծել սուպերվարչապետական միահեծան կառավարման համակարգ: Կցանկանայի ձեր դիրքորոշումն իմանալ արդեն որպես վարչապետի թեկնածու այս հարցի առնչությամբ: Ինչ քայլեր կձեռնարկեք, որ ուժային կառույցները բերվեն խորհրդարանական հաշվետվության դաշտ»։

«Իրապես սուպերվարչապետական համակարգն օրենսդրական առումով արդեն իսկ ստեղծված է: Ես ինձ հանձնառու եմ համարում այդ խնդիրը շտկելու ու իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում: Միանշանակ է, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակն ու դառնան նախարարություններ, իհարկե, սրանց համար կան որոշակի օրենսդրական և, հնարավոր է նաև, սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի են»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ փոփոխություններն իմաստ չեն ունենա, եթե իրենք հասնեն իշխանության ու սկսեն կիրառել այդ լծակները, որոնց համար ժամանակին քննադատություններ են հնչեցրել: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ հարցը պետք է քննարկվի նաև մասնագետների հետ ու դիտարկվի այն կառավարման արդյունավետության ու քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից:

Շաքե Իսայանն արձագանքեց՝ նշելով. «Կարող ենք արձանագրել, որ վարչապետ ընտրվելու դեպքում Դուք ձեռնամուխ եք լինելու մի գործընթացի, որ ուժային կառույցները բերվեն խորհրդարանական հաշվետվության դաշտ ու լիարժեք դարձնեն խորհրդարանական կառավարման համակարգի մոդելը», որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Այո»:

Վարչապետի թեկնածուն նկատեց, որ ժամանակավոր կառավարությունն ի վիճակի չի լինելու բոլոր հարցերին լուծում տալ, հետևաբար պետք է առաջնահերթություններ սահմանվեն: «Ես ուզում եմ հստակեցնել մի խնդիր: Քանի որ շատ մեծ օրակարգ գոյություն ունի, մենք միասին կքննարկենք առաջնահերթությունները, թե ինչից ենք ուզում սկսել, ես դրա վերաբերյալ ունեմ իմ տեսակետը, բայց, բնականաբար, այս հարցը ևս պետք է որոշվի քննարկումների արդյունքում»,-հավելեց պատգամավորը:

Ազգային ժողովում ընթացող նիստի օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: