Այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ նախատոնական օրերին խստացրել են սահմանային պետական վերահսկողությունը և ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել և կանխվել է վտանգավոր պանրային արտադրանքի մուտքը՝ Հայաստան:
Ըստ հաղորդագրության՝ կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000 կգ կարագի և 22000 կգ աղի, 4256 կգ բուսասերուցքային մածուկի, 1740 կգ հավի սառեցված աղացած մսի, 500 կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ սննդամթերքի մուտքը Հայաստան արգելվել է և այս պահին չեն կարող նշել, թե հիմնականում առողջության համար ինչ վտանգավոր մանրեներ և նյութեր են հայտնաբերվել դրանցում:
Մեր ճշտող հարցին՝ վտանգավոր պանրային սննդամթերքը Հայաստան ո՞ր երկրներից են փորձել ներկրել, Նվարդ Առաքելյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, այս պահին չի կարող երկրների անուններ հնչեցնել: Հարցին' արդյոք Թուրքիան այդ երկրների շարքում կա՝ պատասխանեց. «Սննդամթերքը Թուրքիայից չի արտահանվել: Թուրքիայից Հայաստան փորձել են ներմուծել միայն մեխակներ, որն էլ կասեցվել է: Վստահեցնում եմ, որ Թուրքիայից ներկրվող ցանկացած ապրանք պարտադիր ենթարկվում է լաբորատոր փորձաքննության»:
Հիշեցնենք, որ խոսքը 25 հազար հատ կարանտին վնասակար օրգանիզմով վարակված մեխակի մասին է:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ և՛ վարակված մեխակները, և՛ պանրային արտադրանքն ուղարկվել է ամբողջական ոչնչացման:
Աղավնի Սուքիասյան