«Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներն ու Եվրոպայի արձագանքը սպասելի էին: Եվրամիության ներկայացուցիչները դեռ մինչև հանրաքվեն էին վտանգներ տեսնում, որ հանրաքվեի հետևանքով Էրդողանի միանձնյա իշխանությունն ավելի կուժեղանա, ուստի, պատահական չէ այսօր ԵՄ բաձրաստիճան պաշտոնյաների բողոքի և դժգոհության այդ բուռն ալիքը»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա բնորոշմամբ՝ թեև Երվրամիության արձագանքը շատ կոշտ է, բայց, միևնույնն է, ստիպված են լինելու ընդունել այդ արդյունքները, քանի որ կան դրա համար մի շարք պատճառներ. «Եվրամիությունը ստիպված է լինելու ընդունել այդ արդյունքները, քանի որ ԵՄ-ը Թուրքիան օգտագործում է որպես Ռուսաստանին հակակշիռ: Այո՛, շահագրգռված են, որ Թուրքիան լինի հնարավորինս ուժեղ և սահմանափակի ՌԴ-ին, սա ռազմավարական միտում է, որը գալիս է շատ հին ժամանակներից մինչ մեր օրերը, և սա մեծ աշխարհաքաղաքական իրողություն է: Բացի այդ, Եվրոպան վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հետաքրքրվում է Թուրքիայով նաև փախստականների պատճառով: Հետևաբար, Թուրքիային քննադատելով, Թուրքիան չսիրելով, նրա մասին բացասական կարծիքներ հայտնելով հանդերձ՝ մեկ է, Եվրոպան չի դադարեցնի այդ երկրի եվրաինտեգրման գործընթացը»:
Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ սա խաղ է, բայց Թուրքիան միամիտ չէ և թույլ չի տա իրենով խաղալ, նա էլ իր խաղն է առաջ տանում՝ Արևմուտքի հետ իր պլաններն իրականացնելու համար:
Հարցին՝ Էրդողանի իշխանության ամրապնդումից հետո Հայաստանի աշխարհագրական հարևան Թուրքիայից արդյոք հնարավո՞ր են որոշակի սադրանքներ և ճնշումներ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Առաջինն այն է, որ Թուրքիան և այդ երկրի քաղաքական վերնախավը Հայաստանի հետ կապված որոշակի կոնսենսուսի են եկել և այն, ինչ տեսնում ենք՝ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը, հենց այդ կոնսենսուսի արդյունքն է, և չեմ կարծում, որ այդ կոնսենսուսը մոտ ապագայում կփոխվի: Այս ամենով հանդերձ սակայն, պետք է նշեմ, որ Էրդողանը հանրաքվեի ժամանակ ստացավ քաղաքական խոշոր կուսակցություններից միայն ամենածայրահեղական՝ պանթյուրքիստական-ազգայնական գաղափարներով առաջնորդվող կուսակցության աջակցությունը և դա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մեջ չի կարելի բացառել պանթյուրքիաստական անհանդուրժողականությունն ու էքստերմիստական արտահայտումները: Էրդողանի Թուրքիան կարող է ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ. նման զարգացում, ամեն դեպքում, չի կարելի բացառել»:
Աղավնի Սուքիասյան