ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի տեսաուղերձը, որում նա ասում է․
«Ես խոնարհվում եմ եւ շնորհակալ եմ մեր հզոր, միահամուռ եւ կուռ բանակի առջեւ, խոնարհվում եմ մեր զոհվածների առջեւ։ Նրանք չեն մահացել, նրանք անմահացել են։ Յուրաքանչյուր հայ անհատականություն է, գուցե ես էլ։ Եվ այդ անհատականությունների մեջ կան տաղանդներ եւ հանճարներ, որոնց ճանաչելով համայն մարդկությունը ճանաչում է հայ ազգը։ Ճանաչելով ազգը պատկերացում են կազմում ժողովրդի մասին, իսկ ժողովուրդը բաղկացած է «ես»-երից։ Եվ, քանի որ յուրաքանչյուր հայ անհատականություն է, ինչպես Դեմիրճյանն է գրել՝ նա իր մեջ ունի երկրորդ հայը, որի հետ նա համաձայն չէ։ Բայց, երբ վտանգ է սպառնում ազգին այդ «ես»-երը միավորվում են, ինչպես մեր ձեռքը։ Ամեն մատ ունի իր անունը, ունի նշանակությունը, ունի իր դերը, բայց երբ ամբողջ մարմնին վտանգ է սպառնում, նրանք համախմբվում են եւ դառնում բռունց եւ այդ բռուցքն անհաղթելի է, իսկ նրա հարվածը՝ կործանիչ»։