Սովորաբար, նորանշանակ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու առաջին լուրջ փորձը սկսում են կատարել այս կամ պաշտոնյայի պաշտոնավարման օրվանից 100 օր անց, երբ քիչ թե շատ հստակ են դառնում այն հիմնական տրամաբանությունն ու աշխատելաոճը, որով հետագայում նույնպես պաշտոնյան առաջնորդվելու է իր հետագա գործունեության ընթացքում:

 

Արդեն 100 օր է՝ Կարեն Կարապետյանը հռչակված է ՀՀ վարչապետ: Երբ Կարապետյանը նշանակվում էր իր նոր պաշտոնին, իշխանությունների կողմից այդ իրադարձությունը փորձ էր արվում ներկայացնել որպես հայոց նորանկախ պատմության մեջ գրանցվող շրջադարձային իրադարձություն. երկար սպասված բարեփոխումներն, իբր, այլևս «յոթ սարերի հետևում չեն», ու ևս մի քանի ամիս, և Հայաստանը վերածվելու է Սինգապուրի հաջողված կլինի: Իսկ թե իրականում ինչ ստացվեց այս ամենի արդյունքում, կփորձենք ներկայացնել ստորև:


Պարզվում է՝ Կարապետյանի պաշտոնավարման 100-օրյա ժամկետի հետ կապված՝ ԱՎԾ-ն փոքրիկ անակնկալ է պատրաստել. հրապարակել է համապատասխան վիճակագրություն, որից բոլորիս համար անակնկալ կերպով պարզվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նոյեմբերին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, աճել է մի ամբողջ 2.3%-ով, և դա այն դեպքում, երբ դրան նախորդած չորս ամիսներին անընդմեջ՝ արձանագրվել էր տնտեսական անկում: Ավելին՝ նույն կառույցի կողմից հրապարակված մեկ այլ «հավաստի» ցուցանիշից էլ պարզ է դառնում, որ այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3% աճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հրաշալի է, այնպես չէ՞. փաստորեն՝ ծաղկում ենք, այնինչ՝ գլխներիս «խաբար» չկա...


Իսկ եթե լուրջ, ապա որպես Կարապետյանի պաշտոնավարման հիմնական արդյունք՝ առայժմ ստիպված ենք արձանագրել ընդամենը նախարարությունների անվանափոխությունն ու ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կամայական փակումը, իսկ թե ինչպես կարող էր այս ամենը հանգեցնել տնտեսական «թռիչքաձև» աճի, մնում է միայն կռահել՝ ասենք՝ երեքնուկով «սիրի-սիրի» խաղալով...

 

Չցանկանալով «բայղուշի» տպավորություն թողնել որևէ մեկի վրա՝ ստիպված ենք, այնուամենայնիվ, ամրագրել անհերքելին՝ վերջին 100 օրերը Հայաստանին, առնվազը տնտեսական զարգացման առումով, ոչինչ չեն տվել: Իսկ գրեթե զրոյական արդյունքի բուն պատճառն, ինչպես հասկանալի է, կառավարության անվճռականությունն է՝ ստվերը մեկընդմիշտ վերացնելու կամ գոնե այն ինչ-որ կերպ կրճատելու, երկրում բոլորի համար համահավասար բիզնես կանոններ սահմանելու, ֆեոդալական տնտեսավարման տրամաբանությունից մի փոքր վեր կանգնելու, քաղաքակիրթ երկրներին գոնե ձևի համար ինչ-որ կերպ ընդօրինակելու. տարբերությունը 100 օր առաջվա Հայաստանի ու այսօրվա Հայաստանի հանրապետության միջև, առնվազն տնտեսական առումով, զրոյական է:


Իսկ այս անհույս իրավիճակի բուն պատճառն, ինչպես հասկանալի է, երկրում սկսված «բարեփոխումների» իմիտացիոն բնույթն է. մարդիկ ժամանակ են ձգում մինչև ընտրություններ՝ այդ ընթացքում չմոռանալով «լուն ուղտ սարքել»՝ ժողովրդի շրջանում ստեղծելու դրական ակնկալիքների մթնոլորտ՝ «ռեբրենդինգն» իր տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով. Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում հայտնվելը ծայրից ծայր նախընտրական տեխնոլոգիայի մասնիկ էր՝ իրականում, ժամաակից շուտ սկիզբ առած ընտրապայքար, որի ռեալ արդյունքը դարձան ընդամենը ՊՈԱԿ-ների փակման արդյունքում գործազուրկ դարձած քաղաքացիներն ու անվանափոխված նախարարությունները:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ