«Ռազհարդյունաբերական համալիր ստեղծելու մասին Կառավարության որոշումը ճիշտ է, և ողջունում եմ այդ քայլը: Մեզ հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանում շահագործման է հանձնել անօդաչու թռչող սարքերի գործարան, Բաքուն սկսել է արտադրել հրթիռներ: Այսօր տարածաշրջանում առանց սեփական զինատեսակների արտադրության՝ հնարավոր չէ գոյատևել»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Հարցին՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման առաջնահերթությունը, ինչո՞ւ նախկինում ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը պետության ուշադրության կենտրոնում չէր, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ նշել տասնյակ ինչուներ. ահավասիկ՝ ինչո՞ւ էին մեր գումարները, ժողովրդի 10 միլիարդ դոլարը գնում և եվրոպաներում հանգրվանում, ինչի մասին բարձրաձայնեցին ամերիկացիները: Թող այդ գումարները հավաքեն և տրամադրեն ռազմարդյունաբերական համալիրի գործունեությանը: Բավական է՝ հրահանգ տան Ազգային անվտանգությանը, և 80 տոկոսով այդ գումարները կգտնեն, մինչդեռ ընկած 1000 դրամներ են հավաքում, որ զոհված զինվորների ընտանիքներին օգնեն»:
Ըստ մեր զրուցակցի՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ հիմնադրամի գումարները, արտադրվող զինտեխնիկայի վաճառքի գնագոյացման վերահսկող մարմինը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: «Ավելի լավ է՝ հիմնադրամի գումարները տան օրենքով գողի, թող վերահսկի, չէ որ նրանք գողական հասկացություններով են ապրում, որ ասեց՝ չի գողանա, ուրեմն՝ այդպես էլ կանի: Եթե հիմնադրամի ողջ ֆինանսական հատվածը վերահսկի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, Մովսես Հակոբյանը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Բադասյանին չե՞ք լսել: Եթե այդ գումարները ընկնեն նրա ձեռքը, հերը կանիծի, աչքն էլ չի թարթի: Հիշեք, որ տանկերի շարժիչները չէին միանում, ով էր մեղավորը. մեղավորը նախկին ՊՆ Մովսես Հակոբյանն էր: Հիմա ինչպե՞ս կարելի է նույն մարդուն նոր գումարներ վստահել»,-ասաց մեր զրուցակիցը:
Աղավնի Սուքիասյան