«Փոքր Մհեր» կրթահամալիրն ավելի բաց դարձնելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախատեսում է, որ այնտեղ նաև աղջիկներ կարող են սովորել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Լուրջ ուսումնասիրել ենք կրթահամալիրը և եկել այն եզրահանգման, որ այն չափազանց փակ է. գուցե դա է պատճառը, որ կրթահամալիրում խնդիրները շատ են: Հնարավոր է, որ այնտեղ նաև աղջիկներ սովորեն»,-նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Մկրտչյանի խոսքով՝ «Փոքր Մհեր»-ը բավականին հետաքրքիր գաղափար էր և լավ արդյունքներ էր տալիս: «Ավելի մանրամասն ուսումնասիրելով կրթահամալիրը' հասկացանք, որ այնտեղ իրավական, տնտեսական և մանկավարժական բնույթի բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում»,-ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանը մտահոգիչ է համարում, որ բանակում, «Վազգեն Սարգսյան» ռազմական ինստիտուտում և այլ վայրերում տեղի ունեցող քրեական միջադեպերում հաճախ ներգրաված են կրթահամալիրի շրջանավարտները:
Ըստ նախարարի՝ այս ամենի պատճառներից մեկը տեղեկատվական «փակ» վիճակն է, որն անհրաժեշտ է փոխել: