Շատ մեծ տարբերություն կա այն մարդկանց, ովքեր գործադիր իշխանությունում լուրջ պաշտոններ չեն զբաղեցրել և ուզում են քաղաքականություն վերադառնալ, և նրանց միջև, ովքեր ժամանակին առանցքային նախարարություններ են ղեկավարել, և հանկարծ արթնացել են ու հասկացել, որ երկրում, որտեղ իրենք ապրել են ու անընդհատ զբաղեցրել տարբեր պաշտոններ, լուրջ խնդիրներ կան: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանն, այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. «Ես հարգանքով եմ վերաբերվում բոլորին, ովքեր փորձում են քաղաքականություն վերադառնալ, երկրի զարգացմանը նպաստել, որովհետև դա յուրաքանչյուրի իրավունքն է, բայց խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե տվյալ անձնավորությունը մինչ այդ ինչ գործունեություն է ծավալել: Սա շատ կարևոր է»,- ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ինքը ևս իշխանությունների հետ ժամանակին ունեցել է տարաձայնություններ ու այդ պատճառով տարբեր պաշտոններից է հրաժարվել, բայց մինչև հրաժարվելը՝ ինքը հստակ դիրքորոշում է հայտնել: «Երբ տեսա, որ իմ ասածները չեն ընդունվում, հրաժարական տվեցի: Մարդիկ հլու-հնազանդ ծառայել են, պաշտոններ զբաղեցրել, հիմա արթնացել են ու երկրում խնդիրներ նկատել»,- հեգնեց նա:
Նրա խոսքով՝ ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլև մյուս նախկին բոլոր պաշտոնյաները պետք է նախ հետադարձ հայացքով նայեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց պաշտոնավարման օրոք, իսկ հետո քաղաքական հայտարարություններ անեն. «Թող մի հատ տեսնեն՝ ինչ վիճակ է այդ գերատեսչությունում, ով է մեղավոր և ինչ պատճառներով, նոր՝ մտահոգություններ հայտնեն երկրում առկա խնդիրների վերաբերյալ, իսկ երբ հայտարարություն են անում, անպայման հաշվի առնեն այդ հանգամանքը: Եվ այստեղ խոսքը գնում է ոչ միայն Սեյրան Օհանյանի մասին, այլև՝ մյուսների: Ես ո՛չ դատարանն եմ, ո՛չ էլ դատավորը, բայց խնդիրների մասին պետք է խոսեն նաև պաշտոնավարման օրոք»,- հավելեց նա:
Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ ինքն ունի որոշակի փաստեր, թե ապրիլյան պատերազմ «անակնկալի» հիմնական մեղավորներն ովքեր են, բայց եթե այսօր այդ նույն մարդիկ հեռացվում են իրենց զբաղեցրած պաշտոններից՝ արդեն շատ ցցուն թերացումների համար, դա չի նշանակում, որ պետք է խոսեն երկրում առկա խնդիրների մասին. «Նրանք մինչ այդ էլ են տեսել այդ խնդիրները, բայց չեն բարձրաձայնել այդ մասին: Նախ մարդը պետք է կարողանա ինքնաքննադատաբար մոտենալ իր թերացումներին և հայտարարել, որ ինքը 100 տոկոսով մեղավոր է, նոր խոսել ուրիշի թերացումների մասին և հանդես գա հայտարարությամբ, որ ուզում է մտնել քաղաքական դաշտ և խոստանալ՝ այլևս նախկինի պես չի լինելու: Թեև ես առանցքային պաշտոններ չեմ զբաղեցնում, բայց միշտ ասել եմ, որ երկրի թերացումների մեջ ունեմ մեղքի իմ բաժինը: Դա նշանակում է, որ ես դրա համար պատասխանատու եմ, բայց այս մարդկանց հայտարարությունները ցույց է տալիս, որ իրենք նոր են երկնքից ամպոտ ոտքերով իջել ու Հայաստնում սև ձյուն տեսել: Սա է, որ ինձ համար անհասականալի ու անընդունելի է: Եթե համարձակություն են ունենում հայտարարություն անել, ապա նաև ընդունում են սեփական սխալները: Ապրիլյան դեպքերից հետո շատ խիստ զրույց եմ ունեցել, որին ներկա են եղել նաև պատգամավորներն ու կառավարության անդամները, ես ասել եմ, որ այս շեշտադրումները վերաբերվում են հենց Սեյրան Օհանյանին: Իսկ այսօր խոսել երկրի խնդիրներից և չընդունել նաև սեփական սխալը՝ անկեղծ չէ»,- ընդգծեց նա:
Ճշտող հարցին՝ Սեյրան Օհանյանի հայտարարությունը, այսինքն՝ նեղացկոտությա՞ն նշան է, Իսագուլյանը նախ շեշտեց, որ նեղացկոտությունը տղամարդկանց վայել չէ, ապա հավելեց. «Տղամարդու նեղացկոտը ո՞րն է… Գեներալի նեղացկոտությունը ո՞րն է… Եթե նեղացկոտություն կա, ուրեմն լուրջ մտորելու տեղիք է տալիս»,- եզրափակեց նա:
Արմինե Եփրեմյան