Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդգծել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնի վրացական այցի կարևորությունը, որը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի սկզբին։
Ջոն Մաքքեյնը, ով գլխավորում է ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովը, Վրաստան կայցելի սենատորի Լինդսի Գրեհեմի հետ միասին։ Այցի շրջանակներում նրանք կայցելեն ՆԱՏՕ-Վրաստան գնահատման ու ուսումնական համատեղ կենտրոն, ինչպես նաև հանդիպումներ կունենան վրացի ու ամերիկացի զինվորականների հետ։
Իզորիան հայտարարել է. «Մենք շատ ենք գնահատում սենատորների այցը, ինչը հատկապես վերաբերում է Մաքքեյնին։ Դա խորհրդանշական այց է։ Դուք գիտեք, որ նոր տարին մշտապես կապված է որոշակի հույսերի ու դրականի հետ»։
Իզորիան հատուկ ընդգծել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ Մաքքեյնի կողմից աջակցություն հայտնելը։ Իզորիան հավելել է, որ վրացական կողմը մտադիր է Մաքքեյնին ծանոթացնել «ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև պաշտպանական ու անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին» հուշագիրը։
Այն հուլիսին Թբիլիսիում ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։