Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի իրականացմամբ` հունվարի 6-ին նշվեց սուրբծննդյան տոնը` արդեն իսկ մոռացված տարբերակով: Տոնակատարության նպատակը մեկն էր` վերականգնել և մասսայականացնել սուրբծննդյան ժողովրդական ավանդական ծիսակարգը: Մասնակիցները երթով, երգ ու պարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ Ֆիլհարմոնիայից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, ճանապարհին նրանց միացան բազմաթիվ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ, իսկ ահա Ազատության հրապարակում անցկացվեց բուն արարողությունը' սուրբծննդյան ավանդական տոնակատարություն:

 


• Հայկական ավանդական կենաց ծառի (տոնածառ) զարդարում
• Կաղանդի երգեր
• Սուրբծննդյան և Հայտնության ավետիսներ
• Ամանորյա ծիսական խաղեր
• Երգեր ու պարեր
• Տարի հացի ծիսակարգ

Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը, որոնք լավագույնս են տիրապետում ավանդական ծիսակարգին. նրանք գրագետ մատուցմամբ ներկաներին պատմեցին, ցուցադրեցին, մասնակից դարձրին մեր նախնիների ավանդույթներին:

 

Նման միջոցառում այսքան լայնածավալ դեռևս չի իրականացվել, կարևոր էր նաև հասարակության վերաբերմունքը, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, ոգևորիչ էր և նոր եռանդով աշխատելու առիթ: Ծափահարությունները, գոհունակության խոսքերը ստիպեցին մտածելու' հաջորդ տարի ավելի մեծ թափով և ընդգրկուն կազմակերպել նմանատիպ տոնակատարություն և մեր հայրենակիցներին հիշեցնել լավ ու բարի ավանդույթները: