Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվանից հետո շարունակվում են շրջանառվել նախարարի պաշտոնի հավանական թեկանծուների անունները: Թերթերը գրում են, որ նախարարությունում խառնաշփոթ է, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը չի կարողանում իր պարտականությունները կատարել, բաժնի պետերը չեն ենթարկվում վերջինիս: Մի խոսքով՝ ըստ հրապարակումների, նախարարությունների մեջ լավագույնը համարվող ԱԻՆ-ը կաթվածահար վիճակում է: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ԱԻ երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի հետ: 

 

-Պարոն Հակոբյան, նախարարությունում ի՞նչ իրավիճակ է, աշխատանքներն ինչպե՞ս են ընթանում: 


-Դատելով հենց ամանորյա անցուդարձից, Հանրապետությունում ձյան պատճառով առաջացած փակ ճանապարհներից, ձնաբքից և այդ ամենին փրկարար ծառայության օպերատիվ արձագանքից, ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում: Հաշվի առնելով, որ նախարարի պարտականությունները փոխնախարարն է կատարում, չի բացառվում, որ որոշակի մարդիկ հետաքրքրություններ ունեն և իրենք են այդ պատմությունը հորինում: Լուսահոգի Արմեն Երիցյանն այնպիսի սինխրոն աշխատանքային միջավայր էր ստեղծել, որ յուրաքանչյուր կառույց իր անելիքները գիտեր և ուզենար, թե չուզենար՝ փոխհամագործակցված պետք է աշխատեր: Այդ իմաստով՝ Հայկարամ Մխիթարյանը շատ շատ նորմալ տիրապետում է իրավիճակին, համակարգում է: Երկուշաբթի օրվա խորհրդակցությունն էլ շատ նորմալ է ընթացել: Թե ում մտքում ինչ կա, արդեն ուրիշ խնդիր է: Մենք չենք կարող դա ասել: ԱԻՆ-ը կիսառազմականացված կառույց է, որտեղ հանձնարարություններով, կարգադրություններով ու հրամաններով են աշխատում և ոչ ոք չի կարող ինքնագործունեությամբ զբաղվել: Ամենայն անկեղծությամբ՝ այս ամենը թյուրիմացություն է: 

 

-Այսինքն՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը կարողանու՞մ է նորմալ կատարել իր վրա դրված պարտականությունները, այդ դեպքում՝ ինչո՞ւ են նման լուրեր շրջանառվում:


-Նախարարի պարտականությունները ժամանակավոր կատարող փոխնախարարը շատ երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Աշխատել է Երևանի քաղաքապետարանում, եղել է Երևանի քաղաքապետարանի շենքերի և շինությունների շահագործման պետական ձեռնարկության տնօրեն, ղեկավարել է «Հայմամուլ» գործակալությունը, եղել է ԱԺ պատգամավոր, ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ,  ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ: Այսքան դպրոց անցած մարդը, ի՞նչ եք կարծում՝ չի՞ կարողանա համակարգել: Նա բավական կարծր բնավորության տեր մարդ է: Պարզապես՝ հիմա ով չի ալարում, իրեն որպես Արտակարգ իրավիճակների նախարարի թեկնածու է շրջանառում ու հիմնականում՝ իրենք իրենց: Նախագահն արձակուրդում է, բայց արդեն 200 հոգի նշանակվել ու ազատվել են: Այս իրավիճակում մարդիկ կան, որ կոնկրետ շահեր ունեն: Դա արվում է, որպեսզի ՀՀ ղեկավարության աչքին տպավորություն ստեղծվի, թե նախարարությունում խայտառակ վիճակ է, արագացրե՛ք, նախարար նշանակեք, փրկենք կառույցը: Թեկնածուներից շատ շատերի մասին իմ անձնական կարծիքն ունեմ, թե իրենցից ինչ են ներկայացնում: Ամեն մեկը վարչապետին ու նախագահին լսեցնել են տալիս, թե կործանվում է այս համակարգը, հայ-հավար հասեք, նախարար նշանակեք ինձ, փրկենք: Թեկնածուներից մի քանիսն էլ նախարար եղել են. տեսել ենք, թե ինչպես են փրկում: 

 

Ի դեպ՝ նախարարի պաշտոնի թեկնածուների շարքում շրջանառվում են Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունները: 


Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի