Անդրանիկ Մարգարյանի շախմատի 7-րդ հուշամրցաշարում երեկ տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:
Շրջանային մրցաշարում առաջինն ավարտվեց Վոյտեխ Պլատ- Դմիտրի Գորդիևսկի պարտիան, որում խաղի 45-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաջորդն իրենց այս տուրի մրցելույթներն ավարտեցին Դավիթ Պառավյանն ու Արման Միքայելյանը: Լարված ընթացք ունեցած պարտիայում ավելի ուժեղ գտնվեց Պառավյանը:
4-րդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և առաջատարների խմբին միացավ Հովիկ Հայրապետյանը, ով 40 քայլում հաղթանակ տոնեց Վահե Բաղդասարյանի նկատմամբ:
Մրցաշարի 4 առաջատարներից երկուսը' Լևոն Բաբուջյանն ու Ռոբերտ Աղասարյանը, մրցում էին միմյանց դեմ. պարտիայում խաղացվեց 69 քայլ, սակայն այդ ամբողջ ընթացքում դիրքում հավասարության նժար պահպանվեց և պարտիան ավարտվեց տրամաբանական՝ ոչ-ոքի արդյունքով:
4-րդ տուրում վերջինն ավարտվեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչի պարտիան ամենացածր գործակից ունեցող Արամ Հակոբյանի դեմ: Սպիտակներով խաղացող Բոգդանովիչը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ թեթև առավելություն, բայց Հակոբյանը համառորեն պաշտպանվում էր, սակայն խաղի վերջնամասում Հակոբյանը թույլ տվեց որոշակի վրիպումներ և 88-րդ քայլում անձնատուր եղավ:
4 տուրից հետո 4 շախմատիստ' Ռոբերտ Աղասարյանը, Լևոն Բաբուջյանը, Դմիտրի Գորդիևսկին և Հովիկ Հայրապետյանը, վաստակել են 2.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արման Միքայելյանը, Ստանիսլավ Բոգդանովիչն ու Դավիթ Պառավյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով, Վոյտե խ Պլատը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Վահե Բաղդասարյանը վաստակած 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: