Հալեպում հայկական դպրոցները սկսել են վերականգնել դասընթացները: Այս մասին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
«Ինչպես գիտեք, Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ շենք շինություններ մեծ վնասներ կրեցին: Դրանց թվում էին նաև հայկական կառույցները: Հալեպի ազատագրումից հետո, այսօր հայկական դպրոցները, չնայած ոչ բարենպաստ պայմաններին, վերականգնում են իրենց գործունեությունը: Կարող ենք ասել, որ դպրոցներն աշխատում են, մեղմ ասած, ոչ բարվոք պայմաններում: Մի քանի դպրոց միավորվել են, կարծում եմ, որ մինչև ապրիլ շատ բան իր տեղը կընկնի»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ ներկայում Հալեպում խաղաղ է, բայց ականապատված տարածքները շատ են: Սիրիայի համապատասխան կառույցները զբաղված են ականազերծման գործունեությամբ: Ըստ Սերժ Սրապիոնյանի' Սիրիայի առավել անվտանգ տարածքներում գտնվող մեր հայրենակիցներից շատերն արագ վերադառնում են Հալեպ' վերականգնելու իրենց աշխատանքը:
«Ի դեպ, կան սիրիահայեր, որոնք Հայաստանից գնում են Հալեպ: Ընտանիքներն այստեղ են, ունեն բնակարաններ, սակայն ամուսինը գնում է Հալեպ, պայմանականորեն ասած, հետազոտական աշխատանքներ կատարելու, հասկանալու, թե որքանով կարող է վերականգնել իր գործունեությունը: Հալեպում այս իրավիճակի պահպանման, միջազգային այս զարգացման դեպքում, կարծում եմ, որ Հալեպը կրկին հայություն կհավաքի:
2016 թվականի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպն ամբողջությամբ ազատագրվեց: Տեղի լրատվամիջոցները փոխանցում էին, թե ինչպես է ժողովուրդը ցնծությամբ տոնում բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը։