ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ չի հիմնավորվել Ա.Թումանյանի կողմից Էջմիածնի քաղաքապետ Կ.Գրիգորյանի կամ որևէ այլ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը, փոխարենն ապացույցներ են ձեռք բերվել Ա.Թումանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, առաջադրվել են մեղադրանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից՝ հավելելով. «Սեպտեմբերի 17-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին' Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանա կով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայրը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։
Նկատի ունենալով, որ քաղաքացու ներկայացրած հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննության իրականացումը ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
Ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ. հարցաքննվել բազմաթիվ անձինք, կատարվել զննություններ, խուզարկություններ, նշանակվել փորձաքննություններ և կատարվել անհրաժեշտ այլ միջոցառումներ։
Համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված բոլոր 4 ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես Կարեն Գրիգորյանի, այնպես էլ՝ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքի վերաբերյալ։ Քննությամբ պարզվել են միջադեպի իրական հանգամանքները։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 16-ին' ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում' թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա.Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս.Աբգարյանին թեթև մարմնական վնաս։
Քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ, որի շրջանակներում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Արմենակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 117-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Կարապետյանին ' ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Ա.Գրիգորյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 117-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: