Քաղաքական դաշտը սպասման մեջ է այն պահից ի վեր, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին: Հայտարարեց այն ժամանակ, երբ հասարակությունն ինքը խնդրեց վերադառնալ և օգնել ՝ պետության, մեր բոլորիս առջև ծառացած և լուծում չգտնող խնդիրների թնջուկն ի վերջո քանդելու համար: Կարծես այդ պահից ի վեր՝ ներքաղաքական դաշտում նոր կատեգորիա է ի հայտ եկել՝ «քաղաքական խանդի» կատեգորիան: Իշխանությունները նեղսրտած են, ընդդիմադիրները՝ հիասթափված: Եթե ազգովի իշխանություններից տարիներ ի վեր խնդրում, աղերսում են հեռանալ, ապա Ծառուկյանին խնդրում են հետ գալ: 


Անշուշտ, իշխանությունները վրդովված են այս փաստից: Իսկ փորձե՞լ են նրանք արդյոք վերլուծել՝ ինչում է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ֆենոմենը: Կարծում եմ ՝ ոչ: Իսկ Ծառուկյանի ֆենոմենը կայանում է իր հայրենասիրության, սեփական ժողովրդին անմնացորդ ծառայելու ցանկության, հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունված և ընկալված լինելու, հանրությանը միավորելու նրա ունակության, հասարակ մարդկանց անշահախնդրորեն օգնելու պատրաստակամության մեջ: Գագիկ Ծառուկյանը մշտապես նշել է, որ կվերադառնա այն ժամանակ, երբ իր կարիքը զգացվի: Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն ավելի քան պահանջում է Ծառուկյանի պես հայրենասեր և կարող անհատների ակտիվ մասնակցությունը՝ հասարակական-քաղաքական գործընթացներին:


Այս օրերին Գագիկ Ծառուկյանին քարկոծողներին կարելի է ուղղել մի շատ պարզ և տրամաբանական հարց. Իսկ ո՞վ է խանգարել ձեզ զարգացնել հայրենական սպորտը, ո՞վ է խանգարել արժանավայել պայմաններ ստեղծել մեր մարզիկների համար, որպեսզի նրանց օլիմպիական հաջողությունները այնուհետ կապեն ձեր անվան հետ, ո՞վ է խանգարել զարգացնել մեր արդյունաբերությունը, փրկել արդյունաբերական խոշոր կենտրոնները և դարձնել դրանք օրինակելի՝ մի ամբողջ տարածաշրջանի մասշտաբներով: Ո՞վ է խանգարել: Թերևս, ցանկության, պատասխանատվության և կոմպետենտության պակասը….

 

Առավել քան հավանական է, որ Ծառուկյանը մոտ օրերս հայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու և գալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին: Ինչպիսին էլ լինի այդ ձևաչափը, մի բան ակնհայտ է՝ այն խառնելու է քաղաքական դաշտի բոլոր ակտորների խաղաքարտերը: Այդ պատճառով է լարվածության աճ նկատվում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտում: Ծառուկյանի վերադարձից հետո կտրուկ կրճատվելու է իշխանությունների մանևրելու տարածություններն ու հնարավորությունները: Իսկ մինչ օրս ձևավորված բոլոր ընդդիմադիր միավորումները մղվելու են երկրորդական պլան՝ տեղը զիջելով Ծառուկյանի հավանական դաշինքին:


Եվ անշուշտ՝ ընտրություններին մասնակցելու դեպքում Ծառուկյանը դա անելու է հասարակության վստահության մեծ պաշարով, պարզերես և հաղթանակ արձանագրելու առավել քան մեծ հավանականությամբ: Անշուշտ, կգտնվեն բազմաթիվ անհատներ և ուժեր, որոնք ցանկություն կհայտնեն միանալ Ծառուկյանի հնարավոր դաշինքին: Սակայն, իմանալով Ծառուկյանի սկզբունքները և մարդ տեսակը, կարելի է հստակ պնդել, որ վերջինս շեշտը դնելու է ոչ թե քանակի, այլ որակի վրա և Ծառուկյանի հավանական դաշինքում տեղ կգտնեն միայն այն անհատները և ուժերը, որոնք ունակ են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու նոր մոտեցումներ և լուծումներ առաջ քաշել, որոնք պատրաստակամ կլինեն անշահախնդրորեն, օր-օրի իրենց մասնագիտական ողջ ներուժը օգտագործել մեր երկրի զարգացման համար: Ինչպիսին էլ լինի Ծառուկյանի վերադարձի ձևաչափը, այս չափանիշները լինելու են հիմնական և որոշիչ: Հենց այս չափանիշներն են, որ որոշում են Գագիկ Ծառուկյանի քաղաքական ֆենոմենը...