Երկար ժամանակ չէի տեսել նման անկեղծ ու շիտակ հարցազրույց:

 

Երեկ Սաթիկ Սեյրանյանի «Ռէվոլուցիա» ծրագրի հյուրը ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էր, ով իրեն բնորոշ անմիջականությամբ՝ գնահատականներ տվեց նաև ներքաղաքական զարգացումներին:


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնությունների մասին երկու հակադիր մոտեցումներ եմ լսել: Նրա կողմնակիցները ոգևորված են վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆենոմենով, ով, ըստ էության, բացառապես փողի ու պոպուլիզմի շնորհիվ կարողացավ ազդել Վրաստանի ընտրողների քաղաքական կողմնորոշումների ու տրամադրությունների վրա: Հիմա ես չեմ խոսում պարոնայք Ծառուկյանի ու Իվանիշվիլիի մենթալիտետային տարբերությունների կամ նրանց փողերի տարբեր ծագումնաբանության մասին՝ դա թողելով մեկ այլ զրույցի համար. ընդամենն արձանագրում եմ այննախադեպը, որը ոգևորել է ԲՀԿ նախագահի քաղաքական հավակնությունների ջատագովներին:


ԲՀԿ առաջնորդի նախագահական հավակնությունն ունի նաև ընդդիմախոսներՆրանք մարդիկ են, ովքեր սկզբունքորեն դեմ են կապիտալի ու քաղաքականության վտանգավոր սերտաճմանը՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց մի մասը գնահատում է Գագիկ Ծառուկյանի անձնական որոշ հատկանիշներ:

 

Սակայն իրար հակադրվող իրարամերժ տեսակետների համատեքստում՝ չէի լսել ավելի դիպուկ տեսակետ, որը երեկ արտահայտեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը«Ես էլ եմ մասնակցելու: Տեսեք՝ ինչ արկածախնդիրներ են քաղաքական դաշտում: Գագիկ Ծառուկյանն ասել է՝ 5 թեկնածու ունի, հնարավոր է՝ մեկն էլ ես եմ, ինչո՞ւ չէ, ինչո՞ւ ոչ: Ուղղակի մեր տեսակը փորձանք է դառնալու էս երկրի գլխին։ Երբ փողն է սկսում դեր խաղալ նախագահ դառնալու համար, դա արդեն խնդիր է, որը վտանգավոր է մեր երկրի ու հասարակության համար»,- ասել է նա։

 

Այս գնահատականի մեջ երկու շատ կարևոր ենթատեքստ կա՝ անկախ այն հանգամանքից, թե յուրաքանչյուրս ինչպիսի վերաբերմունք ունենք այն հնչեցնողի հակասական գործունեության վերաբերյալ:

 

Առաջինն այն է, որ Ռուբենն արկածախնդրություն է համարում օլիգարխների նախագահական հայտը,որովհետև դա ակնհայտորեն խորհրդանշում է քաղաքական հարաբերությունների նշաձողի վտանգավոր անկումը: Օլիգարխը մարդ է, ով կարող է ունենալ մարդկային հրաշալի հատկություններ,բիզնես տաղանդ, նույնիսկ կատարել բարեգործություններ, սակայն նա չի կարող ունենալ քաղաքական կայուն սկզբունքներ, արժեքային համակարգ ու որ ամենակարևորն է՝ իր տեսակով խրախուսում է հասարակության սպառողական տրամադրությունների, հոգեբանության խրախուսումը, ինչը, մեղմ ասած, վտանգավոր է որևէ երկրի, նրա զարգացման համար: Ի դեպ, նույն հարևան Վրաստանում մարդիկ հասկացել են, որ Իվանիշվիլիի փողերը ու դրանց վրա կառուցված պոպուլիստական խոստումները որևէ առնչություն չունեն այն հիմնահարցերի իրական լուծման հետ, որոնք ծառացած են երկրի առաջ:

 

Այստեղից էլ երկրորդ հետևությունը՝ օլիգարխի քաղաքական միակ կապիտալը, արժանիքն այն է, որ նա ունի փող, ըստ այդմ՝ ընտրողին կողմնորոշելու է ոչ թե իր ծրագրերով, իրական կամ անիրական խոստումներով, այլ փողով: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա օլիգարխի քաղաքական ազդեցությունը ճիշտ այնքան է, թե որքան ընտրող նա կարող է գնել:


Եթե գալիք նախագահական ընտրություններում օլիգարխները մասնակցեն ընտրություններին, ես միանգամայն համաձայն կլինեմ Հայրապետյանի հետ, որ իրենց «տեսակը փորձանք է դառնալու էս երկրի գլխին»:

 

Այդ պարագայում՝ մենք գործ կունենանք ոչ թե քաղաքական ընտրության, այլ քաղաքական աճուրդի հետ, որի մասնակիցները բացահայտորեն գնում են ընտրողների քվեները՝ սակարկելու ու դրանց արժեքը նսեմացնելու միջոցով:



Սուրեն Սուրենյանց