«Կապան» ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը հեռացվել է աշխատանքից: Դեռ օրեր առաջ ԲԿ-ում ստուգումներ էին սկսվել, որոնք պատճառաբանվում էին վերջին շրջանում գրանցված մահացության դեպքերով: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոմիկ Սարգսյանն, ով Կապանի ՀՀԿ տարածքային կառույցի նախագահն է: 


Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց արդեն  նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ:

 

-Պարոն Օրբելյան, ինչո՞ւ են Ձեզ հեռացրել աշխատանքից: 


-Ես հիմքերը չգիտեմ: Ինձ ազատել են աշխատանքից՝ հիմքում ունենալով աշխատանքային պայմանագրի 3,6 կետը, որտեղ ոչ մի բան չկա, ընդամենը գրված է, որ առանց որևէ պատճառի՝ կարող են լուծարել պայմանագիրը: Ինձ որևէ պարզաբանում չեն ներկայացրել:

 

-Դուք նորանշանակ մարզպետի հետ խնդիրներ ունե՞ք:


-Մենք, մինչև իր մարզպետ նշանակվելը, ծանոթ չենք եղել, չենք շփվել որևէ կերպ: Մարզպետ նշանակվելուց հետո էլ ընդամենը երկու- երեք հանդիպում է եղել: Ինքը խուսափել է հանդիպելուց: Ես էլ իր հետ աշխատանքային կամ որևէ այլ շփում չեմ ունեցել: 

 

-Ձեր պաշտոնավարման տարիներին ԲԿ-ն ինչպե՞ս է աշխատել: 


-Մենք մեր բնականոն աշխատանքով աշխատել ենք՝ մինչև վերջին երկու դեպքը. մանկան մահը և մայրական մահացությունը, որոնք, ցավոք սրտի, միասին եղան: Այդ ժամանակ ես հերթական արձակուրդում էի: Դեկտեմբերի 19-ից մարզպետի հրամանով արձակուրդում էի՝ մինչև հունվարի 8-ը: Ես չեմ հիշում մի նախադեպ, երբ դեռ չկա եզրակացություն` մահվան դեպքերի վերաբերյալ, իսկ տնօրենին դրա պատճառով հեռացնեն աշխատանքից: Ես ՀՀ-ում այդպիսի բան չեմ հիշում: 

 

-Եթե անհիմն են Ձեզ հեռացրել աշխատանքից, չե՞ք պատրաստվում բողոքարկել այդ որոշումը: 


-Հիմնավոր, թե անհիմն՝ ես չեմ որոշում: Պաշտպանության խնդրով ես դիմել եմ փաստաբաններին, իրենք կորոշեն՝ հիմնավոր է, թե՝ անհիմն: Եթե իրենք ասեն, որ այստեղ հիմքեր կան բողոքարկելու, միանշանակ կվստահեմ իրենց: 

 

-Պարոն Օրբելյան, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին ճանաչո՞ւմ եք:


-Ինչպե՞ս չեմ ճանաչում: Մի ժամանակ իմ լավագույն ընկերն էր: Մենք նախկինում ընկերներ ենք եղել: Ինքը Կապանի Բժշկական քոլեջի տնօրենն էր մինչև այստեղ նշանակվելը: 

 

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեզ հեռացրել են՝ իրեն նշանակելու համար: 


-Ես այդպիսի բան ասելու հիմքեր չունեմ: Միգուցե այս ամենն իրականացվել է՝ ինձ հեռացնելու համար, ինքն էլ պարզապես նշանակվել է: Չեմ կարող հստակ ասել՝ որն ինչպես է: 

 

-Իսկ Ռոմիկ Սարգսյանը մարզպետի հետ ի՞նչ հարաբերություններ ունի:


-Ամենայն ազնվությամբ, ես այդ մասին որևէ ինֆորմացիա չունեմ: Իսկ այն, որ Ռոմիկ Սարգսյանը պետք է իմ փոխարեն նշանակվի, ես իմացել եմ երեկ: 

 

-Իսկ այն խոսակցությունները, թե դուք նախկին մարզպետի, կոպիտ ասած, մարդն եք, ինչպե՞ս կմեկնաբանեք: 


-Զարմանալիորեն, ես նաև նախկին մարզպետի մարդը չեմ եղել: Նախորդ մարզպետի հետ թշնամիներ չենք եղել, նա անձնական բոլոր հարաբերություններից վեր՝ դասում էր պրոֆեսիոնալիզմը: Այնպես չէր, որ ես իր ընկերն էի՝ ինձ պահում էր: Նրա հետ աշխատանքի պրոցեսում ևս շատ խնդիրներ են եղել: Բայց այդ խնդիրները հանդիպումների ժամանակ քննարկվել է, որոշվել է ճիշտը ու շարունակել ենք ապրել: Ներկա մարզպետն ինձ այս հարցով ոչ մի անգամ չի հրավիրել: Ընդամենը տարբեր տեղերից զրույցներ, ասեկոսեներ են եղել՝ ինձ հանում են-չեն հանում, մինչև առողջապահության վարչության պետն ինձ հայտնեց, որ ես պարտավոր եմ ազատման դիմում ներկայացնել... Ես չեմ կարողանում հասկանալ այս իրավիճակը: Ընդամենը պետք է փորձենք իրավական հիմքերը հասկանալ, վերջիվերջո, իրավական պետություն է: Իրավաբանները ուսումնասիրում են խնդիրը: Եթե գտնեն իրավունքների ոտնահարում, ես կվստահեմ իրենց: 

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի