Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Հանրային Հեռարձակողի Խորհրդի երկու անդամի թափուր տեղի սպասվելիք մրցույթում։ Օրեր անց՝ փետրվարի 26-ին, հայտարարվելու է հաղթողների անունները։ Մրցույթը սահմանված կարգով կազմակերպել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը' ընտրելով 5 հոգուց բաղկացած ժամանակավոր մրցութային հանձնաժողով։ Տվյալ պաշտոնի համար դիմել է 4 անձ, այդ թվում՝ Վահրամ Մարտիրոսյանը, որը ՀՀՇ-ի իշխանության տարիներին Հեռուստառադիոպետվարչության պետի տեղակալն էր ու «Քաղաքական փասիանս» հայտնի պրոիշխանական հաղորդումն էր վարում։ Մեզ հասած տեղեկություններով' Վահրամ Մարտիրոսյանը աշխատում է «Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնում» որտեղ ևս երկար տարիներ աշխատում է ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամ Նունե Հախվերդյանը, իսկ հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Սամվել Մարտիրոսյանը, համագործակցում է տվյալ կենտրոնի հետ։ Ստացվում է՝ նույն գրասենյակում աշխատող գործընկերներից մեկը հանձնաժողովի անդամ է, մյուսը' մրցույթի մասնակից։ Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց Հանրային Հեռարձակողի Խորհրդի անդամի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք չկա՞ շահերի բախում և օրենքի խախտում։
«Հանձնաժողովը կազմվում է մինչև այն մարդկանց հայտադիմումները, որոնք պետք է մասնակցեն մրցույթին։ Մենք ասում ենք՝ փոխկապակցված մարդիկ չպետք է լինեն, իսկ շահերի բախում միայն այդ դեպքում է հնարավոր։ Այս դեպքում շահերի բախման մասին խոսք լինել չի կարող։ Սամվել Մարտիրոսյանն իմ վաղեմի ընկերն է, Արամ Սուքիասյանի կնոջ հետ աշխատել եմ, Նունե Հախվերդյանի հետ շատ չեմ շփվել, բայց միմյանց լավ ճանաչում ենք և հարգում։ Այսինքն խնդիրն այստեղ այն չէ, որ նույն տեղում աշխատում են, ուրեմն նրան էլ պետք է ընտրի, խնդիրն այն է, թե ովքեր են թեկնածություն ներկայացրած անձինք առանձին վերցրած և ինչ են իրենցից ներկայացնում։ Եթե, օրինակ, Նունե Հախվերդյանի ամուսինը կամ որդին դիմեր, նա պետք է դիմում գրեր և դուրս գար հանձնաժողովից, քանի որ այդ դեպքում շահերի բախում կլիներ։ Իսկ Վահրամ Մարտիրոսյանի, Նունե Հախվերդյանի և մյուսների վաստակը բոլորս գիտենք։ Բոլորը բոլորին ճանաչում են, բայց ապրիորի չենք կարող դիտարկել, թե կարող է շահերի բախում լինել։ Այս անձանց միջև շահերի բախում ման գալը ինչ է թե իրենք միմյանց հետ աշխատել են, հատկապես որ մեկը մյուսից օգուտ չունի, սխալ է, քանի որ այն արհեստական օրակարգ է ստեղծում»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չպետք է կայացնի որոշում փոխել հանձնաժողովի այդ երկու անդամներին, Թևոսյանը բացասական պատասխան տվեց․ «Իհարկե ոչ, որովհետև հանձնաժողովի այդ անդամների ազնվության, վաստակի, իրենց աշխատանքի նկատմամբ սիրո, երկրի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասով կասկած չկա։ Երկրորդ ի՞նչ շահ են հետապնդում այդ մարդիկ, եթե ընտրում են Վահրամ Մարտիրոսյանին՝ հարստանում են, ինչ է տեղի ունենում, որտե՞ղ է իրենց շահը»,- նշեց Վահագն Թևոսյանը։
Նշենք, որ Հանրային Հեռարձակողի Խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցույթի համար հայտ են ներկայացրել՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը: