ՀՀ Հանրային խորհրդի՝ երեկ հայացած փոքր խորհրդի նիստում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները' միաժամանակ քննարկելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթները:
Մանուկյանն առաջարկել է նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, կրթական, առողջապահական, քաղաքաշինական ոլորտի խնդիրները:
Հանրային խորհրդի անդամներն առաջարկել են հանդիպմանը քննարկման առարկա դարձնել Թուրքիայի հետ սահմանային ջրերի օգտագործման հարցը, Տաղավար տոները ոչ աշխատանքային օրեր դարձնելու, փոխարենը դրանք շաբաթ օրեր տեղափոխելու հարցը:
Վազգեն Մանուկյանն առաջարկել է բարձրացվող խնդիրներն առավել համակողմանիորեն ուսումնասիրել և մինչև վարչապետի հետ հանդիպմանը ևս մեկ նիստ գումարել' որոշակիացնելու ներկայացվելիք հարցերի շրջանակը: