Ապրիլի 1-ին հայտնի կդառնա, թե ով է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը: Թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 23 թեկնածու: Նրանցից մեկն էլ «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանն է, ում հետ զրուցել ենք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության, մրցույթի անցկացման, թեկնածուների և այլ հարցերի շուրջ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արայիկ Մանուկյանը նշեց, որ մրցույթի մասնակիցների մի մասին ճանաչում է, նրանք հեռուստատեսության, ռադիոյի ոլորտից են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ընդհանրապես կապ չունեն ոլորտի հետ, հավանաբար հենց նրանց չեմ ճանաչում. «Ես ուրախ եմ, որ 23 մարդ մասնակցում է մրցույթին, դա նշանակում է, որ իրավիճակը որոշակիորեն փոխվել է, որովհետև նախկինում մրցույթներին որևէ մեկը չէր մասնակցում կամ մեկ-երկու մարդ էր մասնակցում, որովհետև բոլորը համոզված էին, որ այդ պաշտոնները Բաղրամյան 26-ում էին որոշվում և լինում էին կամ քաղաքական նկատառումներով, կամ նվեր այդ մարդու վաստակի դիմաց, կամ պայման, որ նշանակվելուց հետո պետք է լծվեն այն քաղաքական քարոզչությանը, որը Բաղրամյան 26-ը նախանշել է: Կարծում եմ՝ հիմա նման խնդիր չկա և համոզված եմ՝ այս մրցույթի արդյունքը կանխորոշված չէ և միջամտություն չի լինելու վարչապետի կողմից»,- ասաց նա:
Սակայն Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ կան ներքին խաղեր՝ հույս ունենալով, որ դրանք չեն ազդի մրցույթի վրա: Բանն այն է, որ մրցութային հանձնաժողով ձևավորած անձինք ևս թեկնածուների թվում են. «Նրանք երեքն են և նրանց պետք է ընտրի մի մրցույթային հանձնաժողով, որը ձևավորվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից: Իհարկե, անօրինական ոչինչ չի լինում և օրենքը չի արգելում մասնակցել, սակայն կա խնդրի էթիկական նորմը: Արդար կլիներ, եթե իրենք հրաժարվեին իրենց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոններից, հետո նոր մասնակցեին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին: Սակայն նկատվում են նաև որոշակի պայմանավորվածություններ միմյանց մեջ՝ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթը ևս չեն ավարտում, սպասում են՝ ընտրվի ՀՌԽ նախագահ, որպեսզի նրա հետ, կոպիտ ասած, համաձայնեցնեն, թե ում ընտրել: Սա շատ վատ նախադեպ է»,- նշեց նա։
Անդրադառնալով խորհրդի գործունեությանը, Մանուկյանը դժգոհեց, որ որդեգրվել է քաղաքականություն՝ ցուցադրում են այն, ինչը պահանջում է հասարակությունը. «Մենք տուրք ենք տվել ռաբիս երաժշտությանը, հեռուստատեսային սերիալների արտադրանքի ստեղծմանը, ուշադրություն չենք դարձրել հայոց լեզվին: Իմ գլխավոր խնդիրը համարում եմ այդ փիլիսոփայության փոփոխությունը: Պետք է առաջնորդվել ոչ թե գաղափարախոսությամբ, թե ցուցադրում ենք այն, ինչը պահանջում է հասարակությունը, այլ Հանրային ՀԸ, Հանրային ռադիոն և «Շողակաթ»-ը պետք է առաջնորդվեն պահանջարկ ձևավորելու քաղաքականությամբ, որպեսզի տարիներ անց կարողանանք ունենալ լավ հասարակությունը: Հանրային ՀԸ պետք է դուրս լինի ռեյտինգային շուկաներից, չմրցակցի մասնավորների հետ, քանի որ դրանք ևս կեղծ են ձևավորված»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում է, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքականության խնդիրներից, ապա հարց բարձրացրեց՝ արդյո՞ք տեղեկացված է. «Ոչ, որովհետև միայն լրատվական թողարկումը բավարար չէ խնդիրը լուծելու համար: Մենք այսօր աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներ ունենք Հայաստանի շուրջ և դրանց մասին խոսակցություններ կարող ենք տեսնել բոլոր հեռուստաընկերություններով, բայց ոչ Հանրային ՀԸ-ում: Այդ խոսակցությունը պետք է լինեն բոլոր կողմերի ներգրավվածությամբ, որպեսզի հնարավոր լինի լավ, վատ կամ թերի կողմերի մասին խոսելու»,- ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածուն:
Սոնա Հարությունյան