Կապանի Բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի՝ աշխատանքից հեռացումը նոր կրքեր է բորբոքել: Բժշկական կենտրոնի աշխատակիցները նամակ են գրել Սերժ Սարգսյանին՝ բողոքելով նոր տնօրեն Ռոմիկ Սարգսյանի նշանակումից: 

 

Նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի կինը՝ Անուշ Պետրոսյանը, ով մարզի ՎՏԵԿ-ի պետն է, մի քանի ժամ առաջ տեսանյութ է հրապարակել, որը մարզպետ Վահե Հակոբյանի հետ ԲԿ-ի աշխատակիցների հանդիպումից հատված է: ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տեղեկություններով՝ նախկին տնօրենի կինը, մտնելով դահլիճ՝ ներկայացել է, ապա մարզպետը հարցրել է՝ նկարահանո՞ւմ եք, վերջինս էլ պատասխանել է՝ «այո, ինչո՞ւ, գաղտնի բա՞ն եք խոսում» և թեթև վիճաբանություն է տեղի ունեցել: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ մարզպետը «խոստացել է» Օրբելյանի կնոջը ևս աշխատանքից հեռացնել: 


Մարզպետը և ԲԿ-ի աշխատակիցները բուռն կերպով քննարկում են կենտրոնում վերջերս տեղի ունեցած երկու մահացության դեպքը: «Ժողովո՛ւրդ, ուրեմն ձեր գլխավորը իր տեղում չի, ինքը չի կարում կազմակերպի աշխատանքը, բարդ ա՞ հասկանալը էսքան բանը: Ժողովո՛ւրդ, խո՛սք եմ տալիս՝ մեծամասնությունդ աշխատելու եք էստեղ, իրար հետ ենք աշխատելու, բայց այս ֆորմատն անընդունելի է»,- դիմելով աշխատակիցներին՝ ասում է Հակոբյանը: Տեսանյութում երևում է, որ վիճաբանություն է տեղի ունենում Վահե Հակոբյանի և աշխատակիցներից մեկի միջև, ով ասում է, որ երևանցիները պատերազմական տարիներին հինգ րոպեից ավել չեն եղել Սյունիքի մարզում. «Մենք էինք բոլորս վիրավորներին տեղափոխում: Սա սահմանամերձ գոտի է և մենք ենք պահում այն, ոչ ոք չի գալու մեզ պաշտպանի: Երևանցին փախնելու ա, երկու հատ գրադ ընկնի»: Մարզպետն էլ, լինելով բնիկ երևանցի, վիրավորվում է աշխատակցի ասածներից.

 

«Դուք հիմա տե՞ր եք Ձեր խոսքերին: Բնիկ երևանցի եմ: Դուք ասացիք՝ երևանցիները փախնելու են: Դուք ինձ անձամբ վիրավորեցիք ու իմ ընկերներին: Ես սա մինչև իմ կյանքի վերջ չեմ մոռանա, տիկի՛ն, Դուք մինչև հոգուս խորքը վիրավորեցիք: Ու զգո՛ւյշ եղեք Ձեր արտահայտություններում: 


Մի խոսքով՝ ես թերացում թույլ չեմ տա, մեկ, երկու, երրորդից՝ առանց զգուշացում... մենք ժամանակ չունենք, 2017 թիվը շատ ծանր տարի է լինելու»: 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Քրիստինա Աղալարյան