Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել:

 

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել՝ ո՞րն է եղել երիտասարդ աղջկա սպանության պատճառը և ի՞նչ հանգամանքեր են ի հայտ եկել:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում նշեց. «Շատ մանրամասներ չենք կարող ասել, միայն կարող եմ նշել, որ սպանության հիմնական հանգամանքերը պարզվել են: Քննությամբ պարզվել է նաև սպանության դրդապատճառը, որը, սակայն, չենք կարող հրապարակել, քանի որ այն պարունակում է մասնավոր տեղեկություններ: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հրապարակել»:

 

Սա քննչական կոմիտեի կողմից տրված անորոշ պատասխանն է, որից հետո այսօր առավոտյան, Ոստիկանությունը հրապարակեց տեղեկատվություն, որում նշված է սպանության կատարման դրդապատճառը:  Ըստ Ոստիկանության հրապարակման՝ Գարեգին Եղիազարյանը՝ նույն ինքը՝ հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարվել է 540 հազար դրամ գումարի պարտքը Ք. Ա.-ին չվերադարձնելու նպատակով:

 

Նշենք նաև, որ մինչ նյութի հրապարակման պահը ՀՀ Քննչական կոմիտեի կայքում վերոնշյալ սպանության հանգամանքների հետ կապված որևէ տեղեկատվություն չկար հրապարակված: 

 

Աղավնի Սուքիասյան