ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:
2017 թվականի հունիսի 18-ին Մարտունի քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա:
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և նշված բնակարանի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին, ով, նախնական տվյալներով, խեղդամահ է արվել էլեկտրամալուխով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կնոջ պարանոցին հայտնաբերվել է ձգված մալուխ, ծնոտի շրջանում՝ անհարթ եզրերով մինչև ծնոտոսկրը բաց վնասվածք:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել որդին, ով դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նույն օրը 47-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե