ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները դարձան ոչ թե լավագույնը, ինչի մասին խոստանում էր իշխանությունը, այլ համալրեցին կեղծ ընտրությունների շարքը: Ստեփան Դեմիրճյանի խոսքով, այդպես էլ պետք լիներ, քանի որ այս իշխանություններն ու արդար ընտրությունները անհամատեղելի են:
Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ փետրվարի 18-ին հայ հասարակությունը մերժեց այն վարչախմբին, որի կառավարման տարիկներին աճել է աղքատությունը, արտագաղթը, խորացել սոցիալական բևեռվածությունը: Ըստ նրա, ժողովուրդը «ոչ» ասաց կեղծիքին, քրեաօլիգարխիկ համակարգին, ընտրակեղծիքին: Ստեփան Դեմիրճյանն ընդգծեց, որ հետընտրական զարգացումները փաստում են՝ ժողովուրդը մտադիր չէ նահանջել: Մարդիկ փոփոխություն են պահանջում, որը պետք է հաստատի ժողովրդի քվեն ստացած իշխանությունը: Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն կլինի ժողովրդի կողքին: