ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ գործը կարճվել է: Այս մասին ասվում է Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի մայիսին հարուցված քրեական գործը կարճվել է:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց, որ գործը կարճվել է:
«Հատուկ քննչական ծառայության կատարած քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով՝ չի հիմնավորվել ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը: Ուստի որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակը:
Հաղորդագրություն է տարածել նաև Միհրան Պողոսյանի գրասենյակը, որում մասնավորապես ասվում է.
«Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:
Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական «LGT» բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին։
Հայտնում ենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով»։
Հիշեցնենք, որ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի մայիսին քրեական գործ էր հարուցվել Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Սոնա Հարությունյան