Շատ լավ հասկանում եմ` մարդը սխալական արարած է, բոլորս էլ կարող ենք սխալվել: Բայց սխալ էլ կա, սխալ էլ… Եվ հետո` պետության ղեկավարները, կարծում եմ, այդքան շատ սխալվելու իրավունք չունեն, որովհետև նրանց սխալների հետևանքները, ի տարբերություն շարքային մահկանացուների, կարող են լուրջ հետևանքներ ունենալ ՀՀ ողջ բնակչության ու մեր պետության համար:
Ստորև ներկայացվող դեպքում թույլ տրված սխալը նախևառաջ վնասել է այն թույլ տվողին' ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ինքը կամ մեկ ուրիշը կարող են հարցնել, թե բա այդ դեպքում ձեզ ի՞նչ… Ո՛չ, հարգելիներս, վարչապետը մասնավոր անձ չէ, պետական բարձրաստիճան պաշտոնյա է, ավելին' մեր պետության ղեկավարներից մեկը, որի թույլ տված սխալը, հատկապես ոչ թե անձնական, այլ պետական գործերում թույլ տված սխալն անդրադառնում կամ կարող է անդրադառնալ բոլորիս, ողջ պետության վրա: Տվյալ դեպքում' մեր պետության վարկի, հեղինակության վրա, որը վարչապետի կամ որևէ մեկի սեփականությունը չէ:
Թերևս ավելորդ է ասել, որ պետության ղեկավարների վարքից ու պետության վարկից, հեղինակությունից է կախված նաև, թե այլ պետություններ կամ այլ պետությունների ղեկավարներ ինչպես կվերաբերվեն մեզ, լո՞ւրջ կվերաբերվեն, թե անլուրջ, ինչպես կվերաբերվեն օտարերկրյա ներդրողները Հայաստանի նկատմամբ…
«Սերժ Սարգսյանը անտեսել է ժողովրդական հայտնի իմաստնությունը, ուրեմն պատճառները չափազանց լուրջ են եղել» վերտառությամբ մեր հրապարակմամբ օրերս անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու փաստին, գրել էինք, որ, ցավոք, մեր երկրում տարիներ շարունակ ձևավորված «պետական ավանդույթի» համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները ձևակերպվում են իբրև սեփական դիմումի համաձայն պաշտոնից հեռացում: Դրանց իրական պատճառների մասին հանրությանը չի հայտնվում... Բայց սա դեռ «ոչինչ»…
Նախագահի հրամանագրով իրենց զբաղեցրած պաշտոններից հիշյալ գեներալների ազատվելուց չորս օր հետո' ապրիլի 30-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին: Լավ է արել, բայց դե միաժամանակ շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Եվ սա' այն դեպքում, երբ «Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռ ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննական հոդվածը' հիշյալ պաշտոնյային վերաբերվող սկանդալային բացահայտումներով, որոնց վարչապետը շնորհակալություն հայտնելուց առաջ չէր կարող ծանոթ չլինել, իսկ եթե, այնուամենայնիվ, ծանոթ չի եղել, ապա դա դարձյալ չի խոսում իր գործունեության լրջության օգտին: Ի դեպ, միջազգային մամուլում նույնպես' պանամական օֆշորների վերաբերյալ հրապարակումներում նշվել էր նաև Միհրան Պողոսյանի անունը:
Ըստ գաղտնազերծված որոշ փաստաթղթերի, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է: «Հետք»-ի հրապարակման համաձայն, Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել իր սեփական բիզնեսի զարգացման համար ու թաքցրել եկամուտները։
Ընդգծեմ, որ Միհրան Պողոսյանին վարչապետի շնորհակալությունից ուղիղ 2 օր հետո' մայիսի 2-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող օֆշորային սկանդալի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի («Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը») հատկանիշներով: Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը նշանակում է պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը:
Բնականաբար, հարց է առաջանում' բա ՀՀ վարչապետը նրան շնորհակալություն հայտնելուց առաջ չպե՞տք է իմանար այս ամենի մասին, փոխվարչապետ կա, օգնականներ ու խորհրդականներ ունի: Չպե՞տք է տեղյակ լիներ, որ Միհրան Պողոսյանի առնչությամբ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում: Ընդ որում, բավական լուրջ նյութեր, որոնց հիման վրա 2 օրից քրեական գործ հարուցվեց:
Այս դեպքո՞ւմ էլ է «հետախուզությունը» վատ աշխատել… Իսկ եթե ոչ, ապա թերևս մնում է եզրակացնել, որ քրեական գործի համար հիմք հանդիսացած այդ բավական լուրջ նյութերի գոյության մասին նախապես տեղյակ լինելով հանդերձ, Հովիկ Աբրահամյանը Միհրան Պողոսյանին շնորհակալություն հայտնելիս պարզապես անտեսել, արհամարհել է հասարակական կարծիքը: Այսինքն'ի կարևորել, թե ՀՀ բնակչությունը և միջազգային հանրությունն իր այդ արարքի մասին ինչ կմտածեն, երբ շնորհակալություն է հայտնում մեկին, ում անունը բավական փաստարկված հրապարակմամբ մոտ մեկ ամիս առաջ արդեն կապվել է պանամական փաստաթղթերի, Պանամայի օֆշորային սկանդալի հետ:
Լավ, ի վերջո, եթե Միհրան Պողոսյանն իր ընկերն էր կամ ավելին, քան սոսկ պաշտոնական հարաբերություններով պայմանավորված գործընկերը, ապա թող նրան շնորհակալություն հայտներ, բայց այդ մասին չհայտներ կամ չարտոներ, որ կառավարության կայքում պաշտոնապես հրապարակվեր, հարգեր հասարակական կարծիքը: Կասեք' է՜, ո՞ւր է մեզ այդպիսի բախտ, ո՞ւր են մեզ այդպիսի ղեկավարներ…
Մի հարց էլ. հիմա, երբ վարչապետը Միհրան Պողոսյանին հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել, կա՞ որևէ երաշխիք, որ տվյալ պաշտոնում նրան փոխարինողը չի աշխատի այնպես, ինչպես Մ. Պողոսյանը…
Ի դեպ, մեկ այլ տարբերակ էլ կա. գուցե «հետախուզությունը» շատ լավ է աշխատել և Հովիկ Աբրահամյանին նախապես հայտնի է, որ Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործը մի որոշ ժամանակ քնեցվելուց հետո, ջրվելու է, այսինքն' դա լավ իմանալով, հիմա արխային շնորհակալություն է հայտնել:
Արթուր Հովհաննիսյան