ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը պարբերաբար ներկայացնում է վիրավոր զինվորի առողջական վիճակի մասին տեղեկություն: Ըստ վերջին տեղեկության՝ վիրավոր Գուրգենը տեղափոխվել է Երևան, նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառական ապարատին: 

 

Նախաքննության արդյունքներով, մասնավորապես, պարզվել է, որ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գ.Սարգսյանին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով (Նույն արարքը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետեւանքներ): 


Արարքը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:


Զինվորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։


Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: