Հայաստանի Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Վերին Լարսի անցակետի հարցը մշտապես գտնվում է կառավարության օրակարգում, քանի որ այն ԵՏՄ այլ երկրների հետ կապող միակ ճանապարհն է: «Այլընտրանքային տարբերակ է համարվում Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը, որով առաջարկվում է թունելներ և նոր կամուրջներ կառուցել»,-նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանը և Վրաստանը մշտապես քննարկում են այդ հարցը, քանի որ գնալով ապրանքաշրջանառությունն աճում է:
Պաշտոնյան նաև հավելեց, որ Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ կա աշխարհագրական դիրք և Հայաստանն ունի ընդամենը երեք տարբերակ, որից այս պահին օգտագործվում է մեկը՝ Վերին Լարսը:
Արսեն Ղազարյանը, խոսելով կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհի մասին, շեշտեց, որ այն կնպաստի բեռների փոխադրմանը և տարածաշրջանում Հայաստանի դերի կայունացմանը:
Պաշտոնյան նաև անդրադարձավ այն տեղեկությանը, որ շուկան բաց է և բոլորը կարող են ներկրել ցանկացած ապրանք: «Մաքսատունը ներկրողների հանդեպ սկսել է աշխատել ազատականացված: Հիմա ներկրումներն ազատ են, մնում է՝ գործարարները խիզախություն ունենան»,-ասաց Արսեն Ղազարյանը, կրկնելով, որ ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել:
Աղավնի Սուքիասյան