ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը.

 

-Պարո՛ն Մարտիրոսյան, վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը դարձյալ անհանգիստ է. կա՞ արդյոք պատերազմի վերսկսման կամ ռազմական գործողությունների սրացման վտանգ:


-Պատերազմի վերսկսման վտանգ բոլորովին չկա, որովհետև պատերազմը երբեք չի էլ ավարտվել: Սրացման ոչ թե վտանգ կա՝ այլ անխուսափելիություն: Առանց երբեմն-երբեմն սրացումների և գրեթե ամենօրյա սահմանային սպանությունների՝ Ադրբեջանը չի կարող վարել այն խելացի և հեռահար քաղաքականությունը, որն արդեն մի քանի տարի է՝ ինչ որդեգրել է՝ բարոյապես հյուծել հայ հասարակությանը, երկրի ներսում սերմանել վախի և հոգնածության մթնոլորտ, քաջալերերել դավաճանական տեսակետներն ու գաղափարները և հասնել նրան, որ մարդաթափման արդյունքում հաղթանակն իրեն սկուտեղի վրա մատուցվի, եթե, իհարկե, մինչ այդ՝ այն նրան չնվիրեն տերպետրոսյանական դավադիր թեզի հետևորդները կամ այն քաջալերողները: Այնպես որ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե հիմա կամ պատերազմ չկա, կամ էլ սրացումներ այլևս չեն լինելու՝ խոր մոլորության մեջ են:

 

-«Երևանն ադրբեջանական պատմական էրիվանն է և անհրաժեշտ է այն ազատագրել». Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք Բաքվում օրերս տեղի ունեցած և պետական հովանավորչությամբ պատրաստված պսևդովավերագրական ֆիլմի գաղափարական առանցքը հանդիսացող այս խոսքերը: Ձեր կարծիքով՝ նման մոտեցումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:


-Դրանք Իլհամ Ալիևի խոսքերն են, բայց դրանից ավելի՝ ադրբեջանական ժողովրդի ներկայիս գաղափարախոսության առանցքը: Դրանք ես ընդգծել եմ՝ ցույց տալու համար, թե որքան հեռու են այլևս գնում ներկայիս Ադրբեջանի տարածքային նկրտումները: Միայն Արցախն այլևս թյուրքական տարրին հետաքրքիր չէ: Պետք է դուրս գալ ութսունութ թվականի տրամաբանությունից և մտայնությունից: Բաքուն վաղուց առաջ է անցել այդ դարաշրջանից, իսկ Երևանը ոչ միայն մնացել է նույն տեղում, այլև՝ քիչ է մնում վերադառնա նախաութսունության խորհրդային «հանդուրժող» ժամանակներ: Ադրբեջանն այլևս Երևանն է ձգտում ունենալ: Դա նրանց հիմնական թիրախն ու նոր երազանքն է, և այդ ճանապարհին նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու: Հայաստանում փոխանակ համապատասխան մոտեցումներ և գաղափարախոսություն ձևավորեն՝ մտածում են, որ Արցախի ոչինչ չարժեցող և անպիտան կեղծ անկախության ճանաչման ու կարգավիճակի դիմաց հանձնելով հարակից ազատագրված տարածքներն ու պատմական մեծ Արցախի այդ յոթ շրջանները՝ կհագեցնեն Ադրբեջանի ախորժակը: Նախ՝ սեփական պարտությամբ թշնամու ախորժակ հագեցնելու կոնցեպտը նոր չէ, բայց հին և խիստ հայտնի է դրա մշտական արդյունքը և ապա՝ զարմանալի է, որ Երևանում դեռևս մեծաքանակ և ազդեցիկ անրջողներ կան:

 

-Արդյո՞ք պետք է, որ հայկական կողմը պաշտոնական պատասխան տա այս ֆիլմի հետ կապված:


Իհա՛րկե: Ընդհանրապես, պատասխանն անհրաժեշտություն է: Բայց ոչ միայն ֆիլմի կամ հայտարարության տեսքով, այլ՝ գործողության՝ ծրագրային-գաղափարախոսական մոտեցումների փոփոխության: Դրա ոչ մի գործնական նախադրյալ չենք տեսնում և իրերի դրության այս պայմաններում՝ չենք էլ տեսնի:

 

-Եթե հայկական կողմը չարձագանքի՝ դա ինչի՞ մասին է փաստելու և ի՞նչ հետևանքներ կարող է թողնել մեզ վրա:


Փաստելու է այն մասին, որ կամ մենք հրաժարվում ենք բացել մեր աչքերը, կամ էլ՝ լայնորեն բացել ենք, բայց հետին օրակարգերից ելնելով՝ նախընտրում ենք լռել: Իսկ թե դա ինչ բնութագիր ունի՝ հայտնի է բոլորին:

 

Հետևանքնե՞ր: Ինչպիսի՞ այլ հետևանքներ կարող են լինել Երևանի գրավումը ձգտողներին ո՛չ գաղափարական և ո՛չ էլ ռազմական ճանապարհով չարձագանքողների, ավելին՝ նույնատիպ գաղափարներով հակադարձելու միտքն անգամ ծաղրողների մայրաքաղաքի համար: Այո՛, հենց այդ մայրաքաղաքի անկումը:

 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի