Այսօր նախագահական նստավայրի դիմաց առատ ձյան ու բքի պայմաններում շարունակում էին բողոքի ակցիա իրականացնել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում՝ զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը պատմեց, որ 2007 թվականի օգոստոսի 30-ին, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրում տեղակայված զորամասում գազանաբար սպանել են իր որդուն: «Մինչ օրս ոչ մի քննություն չի կատարվում ո՛չ դատախազության, ո՛չ քննչական մարմինների կողմից: Գործը մեկ անգամ մտել է դատարան, 1 տարի 7 ամիս դատավարություն են անցկացրել, մեղավորներն արդարացվել են: 2010 թ. գործը հետ է ուղարկվել զինվորական դատախազություն ու մինչ օրս շարունակվում է»,- ասաց Տիգրան Օհանջանյանը՝ նշելով, որ դիմել են բոլոր պատկան մարմիններին, նույնիսկ եվրոպական պատկան մարմիններին, սակայն ոչ մի տեղաշարժ չկա:

 

Զոհված զինծառայողի հայրը շեշտեց՝ ունեն փաստեր, որ դա եղել է սպանություն, թեև իրենց վստահեցնում են՝ իբրև էլեկտրահարում է եղել: Սակայն 10 տարի շարունակ, դատախազությունը չի կարողանում ապացուցել, որ տղան էլեկտրահարվել է. «Ամեն ինչ տանում է նրան, որ տղայիս սպանել են»:

 

Ըստ սպանված զինծառայողների ծնողների՝ իրենք արդեն 10 տարուց ավելի է, ինչ պայքարում են բանակում տիրող իրավիճակի դեմ, սակայն նախարարությունը չի ուզում ընդունել իրականությունը:

 

Սոնա Հարությունյան