ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, հաշվի չառնելով եղանակային վատ պայմանները, այսօր՝ հունվարի 27-ին բողոքի ակցիա էին իրականացնում հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր պայքարում են արդարությունը բացահայտելու համար:
«2010 թվականին տղայիս տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ և ասել են՝ քաղցկեղ ունի գլխի հատվածում: Արդեն 6 տարի է՝ չեն կարողացել ապացուցել, որ ուռուցք է ունեցել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի հայրը՝ ավելացնելով՝ այս պայքարը նրա համար է, որ մեղավորները պատժվեն, որպեսզի բանակում չլինեն սպանություններ, բայց, ցավոք սրտի՝ ժամանակը ցույց է տալիս, որ դրանք գնալով շատանում են:
Ըստ մեր զրուցակցի պատմածի՝ 6 տարի առաջ իրենց ասել են, որ Արթուրին հիվանդության պատճառով Մուրացանի զինվորական հոսպիտալ են տեղափոխել, սակայն իրենք համոզված են, որ նրան մահացած են տարել հոսպիտալ. «Հիվանդություն վերագրեցին, որպեսզի մեզ շեղեն»:
Զոհված տղայի հայրը նշեց, որ դատական բժիշկը շեշտել է՝ գլխի վրա երկու վնասվածք է եղել. մեկը վիրահատության տեղն է եղել, մյուսը՝ հարվածի, սակայն, հոր պնդմամբ՝ դատախազությունը դա չի ընդունում և չի ուզում ճանաչել, որ սպանություն է եղել դիրքերում:
«Ինչ ուզում, այն էլ ներկայացնում են, իսկ ծնողներիս պարտքը պայքարելն է, որպեսզի ամեն բան բացահայտվի և պատժվի սպանողը»,- իր խոսքը եզրափակեց նա:
Նշենք, որ Արթուր Ղազարյանը ծառայել է 18 ամիս, ծառայության ավարտին մնացել էր 2 ամիս:
Սոնա Հարությունյան