Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար. «Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր ես ձեզ հետ խոսեմ: Երրորդն էլ՝ ես գնալու եմ միանամ զոհվածի ծնողներին, նրանց կողքին եմ լինելու մինչև վերջ, որ ճշմարտությունը բացահայտվի: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա իմ տղան է զոհվել, թե այդ զոհված զինվորը: Ես կմիանամ իրենց մինչև արդարությունը բացահայտենք: Բոլորն ուզում են իմ անվան հետ կապել, չկա նման բան, կգա ժամանակը կտեսնեք իրականությունը, էդտեղ էլ կխաբնվեն բոլորը»,-ասաց նա:

 

Հարցին՝ խոսե՞լ է իր որդու հետ, նա ի՞նչ է պատմել, ի պատախան Մովսիսյանն ասաց. «Ոչ, եկեք նախաքննական գաղտնիքները չբացահայտենք, թող նախաքննության ընթացքում աշխատեն, լիարժեք բացահայտեն՝ ինչ է կատարվել»,- նշեց Մովսիսյանը:

 
 
 

Նշենք, որ Պաշտպանության նախարարն այս պահին բանակցում է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երևան մայրուղիով երթ են անում և ցանկանում են զինվորի դագաղը բերել Երևան՝ Պաշտպանության նախարարություն։ Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին, նրանք պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում:

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: