ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ. Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայության աշխատանքը հետևողական է համարում։ Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման փաստին։

«Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել։ Բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց, որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008թ. Մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ, կարծում եմ՝ դա ակնհայտ է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ փաստահավաք խմբի հրապարակած նյութերից էլ երևում է, որ պաշտոնյաները փորձում են կոծկել ճշմարտությունը։

«Երևի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը, որտեղ ակնհայտ էր նաև Անդրանիկ Քոչարյանի վարած հարցաքննությունից, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավոր եղանակներով կոծկել այդ ճշմարտությունը։ Այնտեղ տեսարան կար, երբ մի պաշտոնյա ասում էր, որ ավտոմատները լցրել է մեքենայի բեռնախցիկը և բերել, բաժանել է մարդկանց»,- նշեց Փաշինյանը։

2008թ. Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ մայրաքաղաք Երևանում զոհվել է 10 մարդ։