Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Արեգ Սադոյանին և նրա հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Ռաֆայել Կարագյոզյանին՝ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկի պաշտպանիչ վահանը քաշելու համար, և որոշում կայացրեց դատապարտել 3 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց, այլ սահմանեց փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արեգ Սադոյանի հայրը` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն, ասաց, որ իր կարծիքով՝ 3 տարի պայմանական ազատազրկվելն ավելի լավ է, քան 1 ամիս բանտում նստելը:

 

«Իմ կարծիքով՝ մի քիչ էլ ես եմ մեղավոր այդ հարցերում: Ես որոշ արտահայտություններ էի արել, դրա պատճառով ուզում էին ինձ լռեցնել»,- ասաց Արշակ Սադոյանը: Կարծում եմ՝ այդ լուծումը (Խմբ.- նկատի ունի պայմանականի կիրառումը) ընդունելի է, որովհետև բերդի պայմաններում նստելը մի քիչ վտանգավոր կլինի: Ես շատ լավ պատկերացնում եմ` ինչ բան է բերդը, ինչ բան է 4 ամիս կալանքի մեջ լինելը, ամեն դեպքում՝ գոնե պայմանական ազատազրկումը տղայիս համար ավելի ճիշտ եմ համարում, որովհետև նստելը մի քիչ վտանգավոր կլիներ», - ասաց նա:

 

Թեև ամբաստանյալ Արեգ Սադոյանը ընդունել է մեղադրանքը, բայց, այնուամենայնիվ, նրա հոր խոր համոզմամբ` որդին որևէ հանցագործություն և վնասակար բան չի արել:

 

Սոնա Հարությունյան