Այն, որ Հայաստանի տնտեսությունը ներդրումների խիստ կարիք ունի, չեն թաքցնում անգամ գործադիրում: Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հաշվետվությունում նշված է՝ 2016-ի առաջին ինը ամիսներին երկիր հոսած օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 92 միլիոն դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 1.3 տոկոսը, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ: Մինչ օրս, սակայն, այդպես էլ ականատես չեղանք քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրերի: Գուցե դա է պատճառը, որ անգամ 1 տոկոս տնտեսական աճ արձանագրելը մեր երկրի համար դարձել է անիրականանալի երազանք:

Հետաքրքիր է՝ ո՞րն էր Էկոնոմիկայի նախարարությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն անվանակոչելու իմաստը, եթե մեր երկրում այսօր բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սույն նախարարության թիվ մեկ պատասխանատուն՝ Սուրեն Կարայանն, անգամ նպատակահարմար չի գտել իր մասնակցությամբ պատվել Դավոսի միջազգային տնտեսական խորհրդաժողովը, որը ներդրումների ներգրավման լավագույն հարթակն է հանդիսանում մեր նման երկրների համար: Հարևան Վրաստանը և նույնիսկ Ադրբեջանը՝ երկրների ղեկավարների մակարդակով էին ներկայացել Դավոսում, իսկ մենք, նախարար Կարայանի խոսքերով՝ չենք մասնակցել «աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառով: Թե ինչով էին զբաղված Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում , ինչ հույժ կարևոր և անհետաձգելի գործեր ունեին, թերևս, գիտեն միայն իրենք, իսկ մենք մնում ենք մեր 0.5 տոկոս տնտեսական աճով…

Թեև երկրում ներդրումների ծավալը գնալով նվազում է, նախարար Կարայանը շարունակում է լավատեսորեն նայել ապագային: Նա «ակնկալիքներ» ունի, որ այդ ցուցանիշները սկսելու են աճել: Որն է նախարարի լավատեսության աղբյուրը՝ հայտնի չէ: Վստահաբար՝ դրանք ԱՎԾ հրապարակած թվերը չեն, որոնք ապատիայից բացի՝ այլ զգացմունքներ չեն առաջացնում:
Ներդրումների ցուցանիշի նվազումն անմիջականորեն կապված է նրա հետ, որ մեր երկրում մարդիկ ապագայի հետ կապված դրական սպասելիքներ չեն տեսնում և այդ իսկ պատճառով՝ երկարաժամկետ՝ ապագային միտված ծրագրեր չեն իրականացնում, այլ մի կերպ առօրյա խնդիրների լուծմամբ են զբաղվում:

Բացի այդ՝ նախարարությունը որևէ կերպ չի արձագանքում ՊԵԿ-ի կողմից գործարարների համար խոչընդոտներ ստեղծելու փաստին, ինչը նույնպես չի նպաստում բիզնես միջավայրի առողջացմանը՝ ինչի մասին նշանակումից ի վեր խոսում է վարչապետ Կարապետյանը….

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ